Բաժիններ՝

«Ականջը կտրելուց հետո այն մի կողմ է գցել ձյան վրա». ավարտվել է քրոջը զանգահարած երիտասարդի ականջը կտրելու գործի քննությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է երիտասարդ տղայի ականջը կտրելու դեպքով հարուցված գործի քննությունը։ Դատարանի վճռով՝ 24-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Ինչում է մեղադրվել երիտասարդը

2016թ.-ի փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում երիտասարդի աջ ականջը դիտավորությամբ կտրելու միջոցով` աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով՝ այն բանի համար, որ նա, 2016 թվականի փետրվարի 16-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, երիտասարդի կողմից իր քրոջ բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով՝ սանձարձակ դրսևորելով իր նեղ անձնական ձգտումները և հետաքրքրությունները, ինչպես նաև անզուսպ եսասիրություն և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վերջինիս նկատմամբ, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով մղված, հաշվի չառնելով վերջինիս կողմից կատարածի համար իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը, նրան ծնկի է բերել և գրպանից հանելով դանակ, այն շեղբի մասով մոտեցրել է երիտասարդի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս, նրա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով կտրել է աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, դատաքննության ընթացքում իրեն մասնակի մեղավոր ճանաչելով, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Նախաքննության ընթացքում վերջինս ցուցմունք է տվել, որ 2016թ. փետրվարի 16-ին «Թաքծառ» ռեստորանի մոտակայքում դանակով կտրել է երիտասարդի աջ ականջախեցու փոքրիկ հատվածը և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Իր արարքը խուլիգանական դրդումներով և աննշան պատճառով չի կատարել, իր անձի առավելությունը երիտասարդի նկատմամբ չի ցույց տվել: Այդ քայլին գնացել է, քանի որ երիտասարդն իր քրոջն է անհանգստացրել, նրա պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել, ու բացի այդ էլ՝ երիտասարդն իրենից որևէ ներողություն չի խնդրել կատարածի համար, ու ինքը դրանից ելնելով է կատարել իր արարքը, ու քրոջ արժանապատվության հարցը չնչին առիթ չի հանդիսացել իր համար:

Երիտասարդին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել: Փոխադարձ խոսակցային վեճի ընթացքում իրար չեն հասկացել, և ինքը, առանց որևէ դաժանության և հոգեկան ճնշում կիրառելու, խոսակցային վեճի ընթացքում գրպանից հանելով դանակը, միանգամից կտրել է երիտասարդի ականջը, վերջինս այդ պահին կանգնած է եղել: Տուժողի պարանոցը դիտավորյալ չի վնասել, դա երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում դանակը ներքև սահելու ժամանակ:

Ըստ դատական ակտի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքով ամբաստանյալը հայտնել է, որ տարիներ առաջ քույրն ամուսնացել է, ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ տղա, ով ի ծնե հիվանդ է եղել։ Երեխայի ծնվելուց հետո քույրն առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով էլ ամուսնալուծվել է: Երեխան մնացել է հոր մոտ, իսկ քույրը տեղափոխվել է իրենց տուն և մինչև օրս բնակվում է իրենց հետ։ Տեղյակ է, որ քույրն օգտվել է համացանցի Ֆեյսբուք, Համադասարանցիներ կայքերից, որով շփվել է իրենց հարազատների ու բարեկամների հետ: Մոտ մեկ ամիս առաջ քրոջ պլանշետն իր մոտ է եղել, որի մեջ տեղադրված է եղել քրոջ հեռախոսահամարը: Նրա համարին զանգ է եկել, ինքը պատասխանել է, ու խոսողը տղամարդ է եղել, ով իր՝ հեռախոսին պատասխանելուց հետո ասել է՝ «Վայ, կներեք, սխալվել եմ», ու հեռախոսն անջատել է: Դրանից հետո քրոջը հարցրել է, թե ով է եղել այդ համարով զանգահարողը, նա էլ պատասխանել է, որ չգիտի:

Դեպքից մեկ օր առաջ քրոջ պլանշետը նրա հեռախոսահամարով իր մոտ է եղել: Այդ ժամին քրոջ համարին զանգ է եկել: Վերջինս ասել է, որ զանգահարել է քրոջ հետ խոսելու: Դրանից հետո հեռախոսն անջատել է: Քրոջ հետ է խոսել, ու քույրն իրեն պատմել է, որ այդ տղան նրան գրել և զանգահարել է, նա էլ բազմիցս ասել է, որ չգրի ու չզանգահարի, բայց նա ժամանակ առ ժամանակ նորից զանգահարել է: Այդ ընթացքում քրոջ համարին այլ հեռախոսահամարով, որը չի հիշում, զանգ է եկել: Հեռախոսին կրկին ինքն է պատասխանել, զանգահարողը չի խոսել, ու հեռախոսազանգն ընդհատվել է: Ինքն այդ հեռախոսահամարին հետ է զանգել,  այդ երիտասարդն է զանգել այլ համարով: Նա պատասխանել է զանգին ու նրան ասել է, որ հեռախոսը հասանելի պահի, հաջորդ օրն առավոտյան կզանգի, կպայմանավորվեն ու կհանդիպեն, որ խոսեն ու պարզեն նրա զանգելու իմաստը: Երիտասարդի՝ իր մեքենան նստելուց հետո շարժվել է ու, մեքենան վարելով, քաղաքից դուրս է եկել դեպի Ոսկեհասկ և Առափի գյուղերի ուղղությամբ ու գնացել է Ախուրյան գետի վրայով անցնող կամուրջին չհասած ճանապարհից դեպի ձախ տանող դաշտերը, որտեղ անցել է «Թաքծառ» կոչվող ռեստորանի մոտից, ու դաշտերի միջով անցնող ճանապարհին, որտեղ մարդիկ և տներ չեն եղել, կանգնել է: Մինչև այդտեղ հասնելը երիտասարդին հարցրել է, թե ինչու է զանգել ու գրել քրոջը, նա էլ պատասխանել է, որ իբր նախկինում քրոջ հետ խոսել է մի քանի անգամ, և զանգի միջոցով շփվել են նրա հետ, ու դրանից հետո ուղղակի երբեմն զանգահարել է՝ իմանալու, թե ինչպես է նա: Նա ասել է, որ իր քույրն իրեն ասել է, որ չզանգահարի ու չգրի նրան, բայց նա ուղղակի զանգել է՝ իմանալու, թե ինչպես է քույրը: Հասնելով ռեստորանի մոտակայքին՝ կանգնել են ու շարունակել նրա հետ խոսել: Նրան ասել է՝ «Որ քույրս ասել է մի զանգի, ինչո՞ւ ես նորից զանգում, այ հարիֆ»: Նա իրեն պատասխանել է՝ «Հարիֆը դու ես»: Նրան ասել է, որ մեքենայից իջնի, ու երկուսով իջել են մեքենայից:

Իրենց միջև լարված ու բորբոքված զրույց է սկսվել, երիտասարդն իրեն վիրավորական խոսք է ասել, որից հետո միանգամից նյարդայնացել ու բաճկոնի աջ գրպանից դանակը հանել ու փականքը բացել է: Տուժողը երևի մտածել է, որ ինքը ցանկացել է հարվածել նրան դանակով և ձեռքերն առաջ է բերել իր ձեռքը պահելու համար, ինքն էլ դանակը միանգամից բարձրացրել ու աջ ձեռքով խփել է նրա աջ ականջին: Ականջը միանգամից կտրվել ու ընկել է նրա ուսին, ու ինքն այն վերցնելով՝ շպրտել է մի կողմ՝ ձյան մեջ: Տուժողը սկսել է բղավել ցավից, տեսել է, որ նրա ականջն արյունահոսել է, ու նա, անկանոն ձևով բղավելով, վազվզել է տարածքում: Ինքը նստել է ավտոմեքենան ու շարժվել դեպքի վայրից դեպի գլխավոր ճանապարհ, որտեղից էլ գնացել է իրենց գյուղ: Տեղից շարժվելու ժամանակ նրա հետ էլ չի խոսել, հասկացել է իր արարքի սխալ լինելն ու, վախենալով, որ կարող է Ոստիկանություն ընկնի, թողել ու տարածքից անմիջապես հեռացել է:

Կատարածի համար զղջում է, հասկացել է, որ սխալ է արել, սակայն այդ քայլին գնացել է քրոջ պատիվը բարձր պահելու և երիտասարդի կողմից իր հասցեին վիրավորական խոսք ասելուց հետո: Տուժողին դանակով վնասելու դիտավորություն ի սկզբանե չի ունեցել, ցանկացել է նրան բացատրել, որ քրոջը չզանգի, չգրի ու չանհանգստացնի, բայց քանի որ զրույցի ընթացքում մեկմեկու չեն հասկացել, ու իրենց միջև լարված վիճակ է ստեղծվել, ջղայնացած վիճակում, վիրավորական խոսքից հետո, որոշել է նրա ականջը կտրել, որ հասկանա իրեն պատճառած ցավն ու նման քայլի չդիմի: Նրան այլ վնասվածք չի պատճառել, այլ հարվածներ նրան չի հասցրել, չի էլ տեսել, որ նրա պարանոցը վնասված է եղել, միայն կտրված ականջն է տեսել, որը կտրելուց հետո ընկել է:

Ինչ ցուցմունք է տվել տուժողը

Տուժողը, ըստ դատական ակտի, դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին,  որ Համադասարանցիներ կայքէջով մոտ մեկ տարի առաջ սկսել է շփվել իրեն անծանոթ մի աղջկա հետ: Համացանցով շփման 2-րդ կամ 3-րդ օրն աղջկանից ուզել է նրա հեռախոսահամարն, ու նա հաղորդագրությամբ իրեն է ուղարկել հեռախոսահամարը, որից հետո շարունակել են շփվել նաև հեռախոսազանգերի միջոցով, որի ընթացքում նա հայտնել է անունը, և, որ ամուսնալուծված է։ Սկզբնական 3-4 ամիսներին աղջկա հետ գրեթե ամեն օր հեռախոսակապ են ունեցել, որից հետո ավելի քիչ են սկսել շփվել: 2015 թվականի ամռանն աղջկա Համադասարանցիներ կայքի էջը փակվել է, ու համացանցով այլևս չեն կարողացել շփվել, իսկ աշնան վերջերին նա հայտնել է, որ եղբայրները Ռուսաստանից վերադառնալու են, ու նա էլ չի կարողանա իր հետ շփվել` երբ կարողանա խոսել, անձամբ կգրի կամ կզանգահարի:

Մոտ 4 ամիս նրա հետ որևէ կերպ չի շփվել: Ապա զանգահարել է աղջկան, ու վերջինս ասել է, որ եղբայրները վերադարձել են տուն, եթե նրան տեսնեն կամ լսեն ուրիշի հետ խոսելիս, նրա համար վատ կլինի, ու նաև ասել է, որ, եթե զանգահարի ու նրա հեռախոսազանգին եղբայրը պատասխանի, ինքը հայտնի, որ ուղղակի սխալվել է: 2016 թվականի փետրվարի 16-ին զանգահարել է աղջկա հեռախոսահամարին, ու զանգին պատասխանել է անծանոթ տղամարդ: Ինքն ասել է, որ ուղղակի սխալ է զանգահարել, բայց տղամարդն ասել է՝ «Չէ սխալ չես զանգել, ո՞ւմ ես ուզում», հարցրել է, թե ինչ համարի է ցանկացել զանգահարել, որ սխալվել է: Ստեղծված իրավիճակը հարթելու և աղջկան վատ վիճակի մեջ չգցելու համար պատասխանել է, որ ընկերոջն է ցանկացել զանգահարել, ում համարը նման է եղել նրա համարին, բայց սխալվել է ու հեռախոսազանգն անջատել է: Մի քանի րոպեից իր հեռախոսահամարին զանգ է ստացել, և զանգահարողն այն նույն տղան է եղել, ով պատասխանել է աղջկա համարին իր կատարած հեռախոսազանգին: Պատմել է, թե ինչպես է ծանոթացել աղջկա հետ ու զանգահարել է նրա հետ խոսելու: Տղան առաջարկել է հաջորդ օրը հանդիպել:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ պայմանավորվել են հանդիպել։  Նստել է մեքենայի վարորդի կողքի նստատեղին, որից հետո նա մեքենան վարել է դեպի Գյումրիի ավտոկայանի կողմը: Ընթացքում հարցրել է, թե ինչպես և ինչու է նրա քրոջ հետ խոսել, ինքն էլ պատմել է իրականությունը: Մեքենայով հասել են «Թաքծառ» ռեստորանի մոտակա տարածքն ու կանգնել են ամայի դաշտի մեջ, որտեղ մարդիկ, տներ ու մեքենաներ չեն եղել: Տղան իրեն ասել է՝ «Խելոք, հարիֆ տղա ես, դրա համար էլ ուրիշ բան չեմ անում հետդ», ու առաջարկել է մեքենայից իջնել: Ինքը ցանկացել է գլխարկը վերցնել ու նոր իջնել, սակայն տղան ասել է, որ գլխարկը վերցնելու կարիք չկա` կիջնեն, մի փոքր կքայլեն, կխոսեն ու կգնան:

Միասին քայլել են դեպի մեքենայի հետնամասը, որտեղ նրանից բազմիցս ներողություն է խնդրել այդ ընթացքում, ասել է, որ աղջիկն ինքնակամ է հեռախոսի համարը տվել իրեն ու հետը խոսել, ինքը նրան երբեք չի վիրավորել, սակայն երիտասարդը, չընդունելով իր խոսքերը, պնդել է, որ իբր ինքը նրա քրոջ հեռախոսահամարը տվել է այլ տղաների, ովքեր նույնպես զանգահարել են նրա քրոջն ու զանգելուց հետո էլ չեն խոսել: Նրան բազմաթիվ անգամ բացատրել է, որ նման բան չի եղել, սակայն ապարդյուն: Տղան իր վրա հոգեկան ճնշում է գործադրել, վիրավորել է ու պահանջել ծնկի իջնել, ինքն էլ վախեցել է, մտածել է, որ, եթե նրա պահանջը չկատարի, հետը վատ կվերաբերվի, բարդություններ կառաջանան, իսկ եթե պահանջը կատարի ու ծնկի իջնի, վերջինս կթողնի ու կհեռանա, ու ծնկել է: Տղան աջ ձեռքով բաճկոնի աջ գրպանից հանել է մուգ գույնի ծալովի դանակ, բացել է այն ու սուր մասով մոտեցրել իր կզակի ներքևի հատվածին ու կպցրել է դեմքին ու, ոչինչ չասելով, ձախ ձեռքով բռնել է իր աջ ականջն ու աջ ձեռքով դիտավորյալ կտրել է այն: Այդ պահին գտնվել է հուզված ու ճնշված վիճակում ու չի էլ փորձել դիմադրել նրան, քանի որ դանակը ձեռքին է եղել ու մտածել է, որ, եթե դիմադրի, հնարավոր է՝ նա դանակով այլ հարվածներ էլ հասցնի իրեն: Ականջը կտրելուց հետո տղան այն մի կողմ է գցել ձյան վրա, որից հետո, իրեն դաշտում թողնելով՝ անօգնական վիճակում, նստել է ավտոմեքենան ու հեռացել:

Ըստ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ տուժողը հայտնել է, որ ամբաստանյալի հետ հաշտվել է, հարազատները հոգացել են բոլոր բժշկական ծախսերը, նրա նկատմամբ բողոք, պահանջ, քաղաքացիական հայց չունի և խնդրում է, որպեսզի հնարավորինս մեղմ պատիժ տան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս