ԱՄՆ հետախուզական ծառայությունն արդեն իսկ սարսափում է Թրամփից. The Washington Post
Հնարավոր է, արդեն այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ կծանոթանա պետական գաղտնիքների մասին տեղեկատվության հետ, գրում է The Washington Post-ի լրագրող Գրեգ Միլլերը։
Հավանաբար, Թրամփին կծանոթացնեն «ամենօրյա նախագահական տեղեկատվության» հետ՝ դա հենց այն գերգաղտնի տեղեկությունն է, որը ամեն օր ստանում է նախագահ Օբաման։
Այնուհետև հետախուզական ծառայությունների աշխատակիցները, հավանաբար, մի շարք հանդիպումներ կնշանակեն, որոնց մասին Թրամփը կտեղեկացվի։ Պարբերականի կարծիքով՝ այդ հանդիպումների մթնոլորտը լարված կլինի։
Հոդվածագիրը գրում է, որ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ հետախուզական հանրությանը «ակնհայտ սարսափն է պատել»։
«Դա վախ է անհայտության առաջ»,- պարբերականի հետ զրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Մենք չգիտենք՝ ով է նա իրականում, այդ ելույթների վարագույրներից այն կողմ։ Նրանք, որոնք պատրաստվում էին մնալ ու օգնել Հիլարիի թիմին, հիմա կասեն. «Ես այլևս այստեղ չեմ աշխատում»»,- ասել է պաշտոնյան։
ԱՄՆ հետախուզական ծառայությունների աշխատակիցներին անհանգստացնում է Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։
Թրամփը երդվել է ոչնչացնել ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ը, սակայն քիչ կոնկրետ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես կկիրառի գլխավոր ուժերն այդ պայքարում՝ ԿՀՎ-ն և հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության էլիտար զինվորալաններին։
Հոդվածում ասվում է, որ ԿՀՎ-ն, Պենտագոնն ու մյուս գերատեսչություններն անհանգստացած են, որ Թրամփի նախընտրական շտաբում բացակայում էին փորձառու պաշտոնյաները, որոնք աշխատել են ազգային անվտանգության ոլորտում։