Ինչի՞ն պետք է պատրաստ լինի Հայաստանը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված:
Պետք է խոստովանել, որ սա, իհարկե, ոչ աներևակայելի, սակայն ակնհայտորեն շատ քիչ սպասված արդյունք էր: Մյուս կողմից՝ նաև տպավորիչ արդյունք: Այն, իհարկե, բավական դժվար է վերլուծել հայաստանյան դիրքերից՝ չտիրապետելով ամերիկյան իրականության ամենանուրբ հյուսվածքներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ առանցքային նշանակություն: Այսպիսով պետք է արձանագրել, որ Թրամփի ընտրությունն իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:
Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: