Սարգսյանն ու Ալիևը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով Պուտինի առաջարկը․ Մեթյու Բրայզա. tert.am

Tert.am-ը զրուցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ

– Դուք, նկատելով, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով հետ է կանգնում Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, նշել էիք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի հետ պետք է հստակեցնեն, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը: Ի՞նչ եք  կարծում՝ ինչո՞ւ մինչ այժմ այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվում․Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

– Փաստ է, որ երկու կողմերը պատմականորեն խախտել են հրադադարը, սակայն յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին: Նմանապես, յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին՝ Ապրիլի սկզբին լայնածավալ բախումներ ծավալելու մեջ, որի ժամանակի կիրառված բռնության չափն աննախադեպ էր 1994 թվականի հրադադարից հետո:

Իմ փորձով կարող եմ ասել, որ որպես ամերիկացի համանախագահ, ինչպես նաև որպես Սպիտակ տունը ներկայացնող ԱՄՆ պաշտոնյա և Հարավային Կովկասում Պետդեպարտամենտի պատասխանատու, միշտ էլ դժվար է եղել (եթե ոչ անհնար), որոշել, թե որ կողմն է մասնավորապես եղել հրադադարի ռեժիմի խախտում նախաձեռնողը կամ արդյո՞ք որևէ երկիր կարող է հրահրել հրադադարի ռեժիմի խախտում, ինչպես 2008-ին դա արեց Ռուսաստանը Վրաստանի տարածք համարվող Հարավային Օսիայում։

Ի հակադրություն Հարավային Օսիայի, որի մասին ասացի, նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկությունը շատ կառուցողական էր: Այդ առաջարկի հիմնաքարն այն է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղի շուրջ գտնվող երկու, այլ ոչ թե բոլոր յոթ շրջանները, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է վերաբացի Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները:

Ես ենթադրում եմ (չնայած որ հիմնված չէ որևէ կոնկրետ պաշտոնական տեղեկատվության վրա), որ այս առաջարկությունը կարող էր նաև տեսականորեն ներառել Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիների վերաբացումը, թեպետ այս լրացուցիչ քայլը, հավանաբար, կլինի հետագա բանակցությունների թեմա:

Նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկը բավականին գրավիչ էր երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համար. այն առաջարկում էր ուղի՝ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցությունների երկարատև փակուղուց դուրս գալու: Իսկապես, Բաքվում իմ քննարկումների ժամանակ ես նկատել եմ, որ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները իրական հույսեր են կապում այս առաջարկի հետ: Ես հավատում եմ, որ նախագահ Սարգսյանը ևս իր աջակցությունն է հայտնել այդ առնչությամբ: Եվ հենց սրանով են, հավանաբար, պայմանավորված հուլիսյան իրադարձությունները, երբ փոխզիջման այս տարբերակին ընդդիմացող մի շարք անձինք կազմակերպեցին ոստիկանության գնդի գրավումը: Ադրբեջանում նույնպես կան ծայրահեղականներ, որոնք դեմ են նման փոխզիջմանը: Այդ իսկ պատճառով հարկ է նկատել, որ նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիևը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով նախագահ Պուտինի առաջարկը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս