Սպանված Լևոն Սահակյանի հայրը կարծում է՝ Վահան Ղազարյանը դիտավորյալ, սառնասրտորեն, կանխամտածված է սպանել իր տղային. ՀԺ
Սպանված 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը կարծում է, «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Դազարյանը կանխամտածված է սպանել որդուն։ Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը։ Լեւոն Սահակյանի հայրը գործով ներգրավվել է որպես իրավահաջորդ։
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։
– Վարդուհի, տուժողի հայրը՝ Տիգրան Սահակյանը, քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է:
– Սկզբնական շրջանում հարցաքննվել է, սակայն դրանից հետո չի հարցաքննվել։ Նրա հարցաքննության ժամանակ ես դեռ ներգրված չեմ եղել։ Հետագայում կհարցաքննվի եւ ավելի մանրամասն ցուցմունք կտա դեպքի հետ կապված։ Ինքը, բնականաբար, ականատես չի եղել, տեղեկացված է այնքանով, որքանով որ պատմել է Լեւոնի ընկերը կամ նրա նշանածը։
– Դեպքից առաջ Լևոն Սահակյանը հոր հետ խոսե՞լ է, տեղյակ պահե՞լ է, որ գնում է Վահան Ղազարյանի հետ հանդիպման։
– Հանդիպման մասին հայրը տեղյակ չի եղել։ Դանակահարությունից անմիջապես հետո Լեւոնը զանգել է հորն ու ասել, որ վիրավոր է, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ բժիշկ է, ասել է՝ հասիր մոտակա հիվանդանոց, իսկ մոտական եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը։ Լեւոնն ինքն էլ եղել է մեքենայի ղեկին, հիվանդանոցը շատ մոտ է եղել, հասել է, վիրահատել են, կատարվել են համապատասխան հետազոտությունները, դրանից հետո արդեն տեղյակ եք՝ ուշքի չգալով, հաջորդ օրը մահացել է։
– Գործով մեղադրյալը չի ընդանում, որ Լևոնին սպանելու դիտավորության է ունեցել։ Սրա հետ կապված իրավահաջորդն ի՞նչ դիրքորոշում ունի։
– Պարոն Սահակյանը ունի իր դիրքորոշումը, ցուցմունք կտա, որից հետո եթե ցանկանա, մամուլին կտեղեկացնենք։ Բայց սպանելու հետ կապված՝ Տիգրան Սահակյանը կոնկրետ դիրքորոշում ունի։ Նա ասում է, որ Վահան Ղազարյանը դիտավորյալ, սառնասրտորեն, կանխամտածված արել է այդ գործողությունները։
– Սեր տեղեկություններով մեղադրյալ Վահան Ղազարյանը Լևոնին եւ ընկերոջը սպառնացել է նաեւ ատրճանակով։ Տուժող կողմը նման տեղեկատվության տիրապետո՞ւմ է:
–Պարոն Սահակյանից տեղեկացել եմ նաեւ այդ հանգամանքի մասին։ Ըստ նրա ունեցած տեղեկատվության էդպես էլ եղել է, նաեւ սպառնացել է զենքով, դա եղել է դանակահարությունից հետո։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: