Գերմանիայի ԱԳՆ-ն քուրդ պատգամավորների ձերբակալությունների հետո գերատեսչություն է հրավիրել թուրք հավատարմատարին. Reuters
Գերմանիայի արտգործնախարարությունը թուրք հավատարմատարին կանչել է՝ խոսելու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության մասին, հայտնում է Reuters-ը։
«Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների գիշերային ձերբակալությունները կհանգեցնեն իրավիճակի սրացման»,- հայտնել են գերատեսչությունից։
Գերմանիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Թուրքիայի՝ ահաբեկչությանը հակազդելու իրավունքը, սակայն «դա չի կարող արդարացվել, որպեսզի կառավարությունը ստիպի ընդդիմությանը լռել կամ ընդհանրապես ուղարկի ճաղերի հետևը»։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Թուրքիայի դատախազությունը ձերբակալել է խորհրդարանի HDP-ի պատգամավորներին, որոնց թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին։
Ձերբակալություններ էին իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։