Դառնում են համաշխարհային պայքարի մի մաս

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի կհաջորդի երթ, որի հիմնական նպատակը քաղբանտարկյալների ազատության պահանջն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, այժմ անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:  Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում անոնիմուսների երթ է անցկացվում, որի մասնակիցները կրում են Գայ Ֆոքսի դիմակներ՝ արտահայտելով իրենց պահանջները: Շահեն Հարությունյանն ասաց, որ դառնում են համաշխարհային պայքարի մի մաս, և արդեն չորրորդ տարին է՝ նախաձեռնում են անոնիմուսների երթ:

Նա կոչ արեց մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին և երթին, ազատորեն արտահայտել մտահոգող խնդիրները, պայքար մղել պահանջների բավարարման համար: «Ժամանակի ընթացքում մեր երկիրը կործանվում է, և կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է: Այսինքն՝ մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիների գիտակցությունը բարձր մակարդակի չլինի»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կան մի շարք քաղբանտարկյալներ, և էական չէ նրանց թիվը. «Քաղբանտարկյալ ունենում է այն երկիրը, որտեղ չկան ժողովրդավարական հիմունքներ, չկա ժողովրդավարություն, որտեղ սահմանափակվում է մարդու խոսքի ազատությունը, ոտնահարվում են մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Քաղբանտարկյալի առկայությունը, ըստ իս, վտանգում է երկիրը, պետական ամբողջ համակարգի գորյությունը, քանի որ մի երկիր, որտեղ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները ոտնահարվում են, և երկրում ամենաթողություն է, նշանակում է՝ այդ երկրում իշխանավորների կողմից ոտնահարվում են իրենց իսկ կողմից գրված օրենքները, նշանակում է՝ երկրում օրենք չկա, չկա համակարգ, որոշակի կառուցվածքներ ու ենթակառուցվածքներ, որոնք պետք է պահեն երկիրն ու ամբողջ պետական համակարգը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է դեռ նոր 25 տարին բոլորած երկրին»:

Շահեն Հարությունյանն ասաց, որ քաղբանտարկյալների թիվը երկրում պարբերաբար ավելանում կամ պակասում է, սակայն էական ոչինչ չի փոխվում. երկիրը գնում է կործանման, գրեթե ամբողջովին կորցրել է իր անկախությունը, գտնվում է օտար կառույցների լծի տակ, երկիրը կառավարվում է՝ տուրք տալով այլ ուժային կենտրոնների, պետական այրերը հայանպաստ գործունեություն չեն ծավալում: «Մարդիկ, ովքեր մտահոգվում են ստեղծված իրավիճակով և արտահայտում են իրենց բողոքի ձայնը, հայտնվում են բանտերում: Մեզ համար դա անընդունելի է, և մենք հերթական անգամ փորձում ենք կազմակերպել հանրահավաք և երթ՝ քաղբանտարկյալների ազատության համար՝ նպատակ ունենալով բողոքել և բողոքի ձայնը բարձրացնել՝ ազատություն քաղբանտարկյալներին, որովհետև երկիրը, որտեղ քաղբանտարկյալներ կան, չի կարող երկար պատմություն կերտել և հետզհետե կքայքայվի: Հայրս՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է, և իր հետ 2013թ. նոյեմբերի 5-ին 14 քաղաքացիներ ևս դարձան քաղբանտարկյալներ»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նույն գործով դատապարտված Ալեք Պողոսյանի որդին՝ Մարտուն Պողոսյանը, ասաց, որ այսօր իրենց հայրերն անազատության մեջ են, քանի որ ուզում են, որ ապրենք ազատ. «Մենք հիմա ուզում ենք շարունակել իր գործը: Մենք հպարտ ենք, որ Ալեք Պողոսյանի որդիներն ենք»: Նրա եղբայրը՝ Րաֆֆին, ասաց, որ հինգ երեխա են, և քանի դեռ ինքն ու Մարտունն են ավագը,  շարունակելու են իրենց հոր գործը:

Շահեն Հարությունյանն ասաց, որ, եթե իրենց պահանջները չեն կատարվում, դա ամենևին չի նշանակում, որ իրենց պայքարը չեն շարունակելու. «Բնական է՝ իշխանություններն այդպես են նախագծել և ծրագրել՝ ժողովուրդը կներկայացնի իր պահանջը, մենք կծեծենք, կբանտարկենք, աշխատանքից կհեռացնենք, և վերջ՝ կլռեն, մենք կանենք այնպես, ինչպես կցանկանանք: Թող իրենք սխալվեն այս դեպքում, որովհետև որքան իրենք ճնշումներ գործադրեն, փորձեն վախեցնել, այդքան իմ պայքար ավելի համառ ու մարտունակ է դառնալու իրենց դեմ, ու հետագայում իրենք ավելի ծանր դատաստանի առաջ են կանգնելու»:

Շահեն Հարությունյանի խոսքով՝ երթի մասին իրազեկում արդեն իսկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան:

Շահեն Հարությունյանն ասաց, որ հոր՝ Շանթ Հարությունյանի հետ հանդիպել է հոկտեմբերին, առաջիկայումս ևս պատրաստվում է տեսակցել նրան: Ըստ նրա՝ հայրը՝ որպես ծնող, միգուցե անհանգստանա, սակայն՝ որպես ՀՀ քաղաքացի, ով անհանգստանում է երկրում ստեղծված իրավիճակի համար, խրախուսում է իր քայլերը և ամենևին չի սահմանափակում իր գործունեությունը:

Շահեն Հարությունյանի խոսքով՝ հայրը մարտական ոգի ունի, երբեք չի կարող ընկճվել, դա նրա տեսակը չէ, առողջական վիճակը նորմալ է: Ըստ նրա՝ հորը վաղաժամ ազատ արձակելու առաջարկ է արվել, սակայն վերջինս մերժել է. Շահեն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ համաներում լինելու դեպքում հայրն այն ևս կմերժի, քանի որ դա ընդունելը նշանակում է՝ ընդունել, որ մեղք ես գործել և ներման ես արժանանում, սակայն իրենց սկզբունքներից  և արժանապատվությունից ելնելով՝ նման քայլի չեն գնա:

 

Տեսանյութեր

Լրահոս