Բաժիններ՝

«Պոբեդա»-ին Զվարթնոցում չէին սպասում. պարզաբանում

Զվարթնոց օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ: Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի, «Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանից չվերթներ իրականացնել բարձր գների պատճառով:

«Բնականաբար, Զվարթնոց օդանավակայանի սակագները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար։ Ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է, երբ բյուջետային ավիաընկերությունը թռիչքները կատարում է ոչ դասական օդանավակայաններից։ Սա նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Ինտերֆաքս»-ը, մասնավորապես, գրել էր, որ  ավիաընկերությունը որոշել է հրաժարվել չվերթներ իրականացնել Զվարթնոց օդանավակայանից, քանի որ ուղեւորասպասարկման արժեքը բարձր է` 50 եվրո մեկ մարդու համար, ավելին, քան  ընկերության սակագինն է: Դոնի Ռոստով- Երևան մշտական չվերթներ իրականացնելու համար ընկերությունը թույլտվություն էր ստացել դեռեւս հուլիսին, սակայն գործընթացն այդպես էլ չէր սկսվել:

Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների կառավարիչը «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս