«Այո, կարծում եմ՝ այնտեղ կլինեն բավական խիստ գնահատականներ». Արման Թաթոյան
Մարդու իրավունքների գրասենյակում պաշտպան Արման Թաթոյանի նշանակվելու հենց առաջին օրն էլ պատին փակցվել է նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի լուսանկարը: Այս մասին օր լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե փակցվե՞ց Կ. Անդրեասյանի լուսանկարը, քանի որ, երբ նոր էիք նշանակվել, փակցված չէր:
Ա. Թաթոյանը նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում մարդու իրավունքների բոլոր պաշտպանների աշխատանքին. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այնքան բարդ է, և մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն աշխատել են առավելագույնս նվիրումով, և իրենց գործունեությունն ուղղված է եղել հենց այս ինստիտուտի կայացմանը, հիմա մենք փորձում ենք շարունակել այդ ավանդույթները»:
Հարցին, թե՝ հուլիսյան իրադարձությունների հետ կապված ձեր զեկույցում գնահատականներն ինչպիսի՞ն են, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ գնահատականների կոշտ լինել-չլինելը կլինի հրապարակվելուց հետո. «Այո, կարծում եմ՝ այնտեղ կլինեն բավական խիստ գնահատականներ խախտումների հետ կապված, հարցադրումներ, որոնք պետք է պարտադիր պարզվեն, հրապարակումից հետո արդեն մանրամասն կքննարկենք դրա հետ կապված հարցերը»:
Հարցին, թե Ձեր առաջնահերթություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, ինչպե՞ս եք պատկերացնում Պաշտպանության նախարարության՝ այդ փակ կառույցի հետ համագործակցությունը, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Պաշտպանության նախարարության հետ անհրաժեշտ է իրականացնել համագործակցություն և նաև կարևոր աշխատանք տանել»: Հարցին էլ, թե Ձեզ թույլ կտա՞ն այդ ցավոտ հարցերին անդրադառնալ, ՄԻՊ-ն այսպես պատասխանեց. «Ես ասացի, որ պաշտպանության նախարարի հետ ունեցել ենք արդեն քննարկում, և արդեն համապատասխան պայմանավորվածություններ կան: Իհարկե, պետք է համատեղ աշխատել, այստեղ խոսքը չի գնում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններին կամ հարցերին, ընդամենը գնում է անձի իրավունքների պաշտպանության մասին, այդ թվում՝ զինծառայողների»: