«Երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց արդարադատության նախարարությանը՝ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ:
«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երեքշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Նա նշեց, որ ապօրինի հարստացման քրեականացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ:
«Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ:
Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը: Երրորդ՝ այս հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը:
Նախ՝ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և՛ կրթական, և՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:
Բացի դրանից, անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն: Խսսքը գնում է կոռուպցիայի մասին առանձին հաշվետվության մասին:
Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը: Նա նշեց, որ ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, ինչպես կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով՝ ընդգրկված են, օրինակ, խոշոր պետական գնումների կամ տարբեր այլ, այսպես կոչված, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթներում: Այդ պատճառով գործադիրի ղեկավարն արդարադատության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն առաջարկություն ներկայացնել՝ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից:
Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր ազդարարների համակարգին: Ըստ Կարեն Կարապետյանի՝ այս ոլորտում տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում արդյունավետ եղանակներ մշակել՝ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարին հանձնարարվեց նաև հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայայուցիչների, ընդդիմության, բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և ըստ անհրաժեշտության՝ առաջարկ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման վերաբերյալ: