ՀՀԲ-ն անսպասելիորեն փաստաթղթեր է հրապարակել Բիլ Քլինթոնի մասին
ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) հրապարակել է 129 էջ փաստաթղթեր, որոնք առնչություն ունեն 2001 թվականին ֆինանսիստ եւ Դեմոկրատական կուսակցության հովանավոր Մարկ Ռիչին ներում շնորհելու՝ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հակասական որոշման հանգամանքների հետաքննության հետ, տեղեկացնում է BBC-ն:
Հետաքննությունն ավարտվել է 2005 թվականին: Ըստ որում փաստաթղթերը հրապարակվել են այն պահին, երբ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնց Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, մասնակցում է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, մնացել է մեկ շաբաթ: ՀՀԲ-ն փաստաթղթերի հրապարակումը բացատրել է այն խնդրանքներով, որոնք բազմիցս ստացվել են բյուրոյում:
Ավելի վաղ ՀՀԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարել է, որ իր գերատեսչությունը հայտնաբերել է նոր էլեկտրոնային նամակներ, որոնք կարող են առնչություն ունենալ Հիլարի Քլինթոնի կողմից նրա՝ ԱՄՆ-ի քարտուղար եղած ժամանակ ծառայական նամակագրության համար անձնական փոստային ծառայության օգտագործման հետ: