Բաժիններ՝

«Մեր կառույցը բացարձակ կախվածության մեջ չէ «վերևներից»». ՀՔԾ պետի տեղակալ

«Սարի թաղի գործով ձեռարկվում են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը լիարժեք պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ  Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նա հրաժարվեց հրապարակել որևէ տվյալ` նշելով, որ նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթն իրականացնող քննիչի թույլտվությամբ. «Ես ձեռնպահ կմնամ ձեզ հիմա կոնկրետ տվյալներ հայտնելուց»:

Հարցին` նորմա՞լ է, որ ՀՔԾ-ն տեղեկություն է հրապարակում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների մահվան մեջ մեղավոր անձանց բացահայտելու մասին, սակայն անուններ չի հրապարակում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրապարակման նյութի շրջանակները որոշում է կոնկրետ քննիչը, և, եթե վարույթն իրականացնող քննիչը որոշել է, որ այս ծավալի տեղեկություն պետք է տրամադրի, դա բխում է օրենքի պահանջից:

Նա փորձեց «փարատել» մտավախությունը, որ Սարի թաղի դեպքերում մեղավոր խոշոր պաշտոնյաները դարձյալ պատասխանատվության չեն ենթարկվի` վստահեցնելով, թե իրենց կառույցը բացարձակ կախվածության մեջ չէ «վերևներից»:

Կարդացեք նաև

Ըստ նրա` 7 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր են անջատվել ու ուղարկվել դատարան, նրանցից 4-ը կամ 5-ը կալանավորված վիճակում են ուղարկվել, և նախաքննությունը շարունակվում է:

«Եթե հետևեք մեր լրատվական կայքում՝  բազմաթիվ գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` միաժամանակ հրաժարվելով հնչեցնել անուններ:

Նա, կրկին հղում անելով քննիչի որոշմանը, ըստ էության անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ոստիկաններին այդ օրը հրահանգ տվող բարձրաստիճան ոստիկանները կանչվե՞լ են հարցաքննության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս