Հիսուսի գերեզմանն անվնաս է մնացել գերեզմանաքարը հանելուց հետո. National Geographic
Հնագետները, որոնք ուսումնասիրում են Երուսաղեմում Փրկչի տաճարըմ վստահ են, որ Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանն անվնաս է մնացել ժամանակի ընթացքում, գրում է National Geographic-ը։
«Մենք չենք կարող ասել 100 տոկոսով, սակայն դա նման է այն ապացույցին, որ գերեզմանի տեղը ժամանակի ընթացքում չի փոխվել, այդ հարցի շուրջ գիտնականներն ու պատմաբանները տասնյակ տարիներ են մտածել»,- նշել է հնագետ Ֆրեդրիկ Հիբերթը։
Միևնույն ժամանակ, Երուսաղեմի նախկին գլխավոր հնագետ Դան Բահաթը հայտարարել է, որ չի կարելի վստահորեն խոսել այդ վայրի մասին՝ որպես Հիսուս Քրիստոսի հուղարկավորության վայր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ National Geographic-ը հայտնել էր, որ հետազոտողները հանել են Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում (կամ Սուրբ Հարության տաճար) Հիսուս Քրիստոսի գերեզմանաքարը։
Նշվում է, որ գերեզմանաքարի մակերեսը ծածկված է եղել մարմարի հաստ շերտով: Գերեզմանաքարը հանվել է՝ 1555 թվականից ի վեր առաջին անգամ։
Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Մասնագետները հուսով են, որ աշխատանքները կավարտվեն 2017թ. գարնանը։
Նախագծի ընդհանուր արժեքը ավելի քան 4 միլիոն դոլար է։ Դրամական միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը:
Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբատեղիներից է, ուր ամեն տարի միլիոնավոր ուխտագնացներ են այցելում տարբեր երկրներից:
Տաճարը հավասարության սկզբունքով տնօրինում են Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիները: