Պաշտոնական անպատասխանատվությունը դարձել է գերխնդիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական անպատասխանատվությունը մեր երկրում դարձել է գերխնդիր: Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող աշխատակիցները, լինեն բարձրաստիճան, թե շարքային, շատ հաճախ չեն գիտակցում իրենց արած աշխատանքի կարևորությունը և թողած հետևանքները: Ու այդպես դոմինոյի էֆեկտով վատ կառավարման դրսեւորումները փոխանցվում են հաջորդաբար:

Օրինակ՝ հայաստանյան դատավորների գրած վճիռների հետևանքները կրում են ՀՀ հարկատուները: Վերջին վճիռը կայացվեց հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության: Երևանի Բուզանդի փողոցի բնակչի տունը քանդել էր Երևանի քաղաքապետարանը, սակայն իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել էր 54 մլն դրամ՝ խախտելով նրա իրավունքները: Ու Հայաստանյան դատական եռաստիճան համակարգով անցնելիս՝ քաղաքացիները արդյունքի չէին հասել: Այս վիճակի պատասխանատուն մի շարք դատավորներ են՝ այդ թվում և այսօրվա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցն արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Եվ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել: Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը:

Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս