«Ի՞նչ է՝ Ամերիկան բանանային պետությո՞ւն է». Պուտին
Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես ցանկանում եմ մի հարց տալ: Մի՞թե ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել ամերիկացի ժողովրդի ընտրության վրա: Ի՞նչ է՝ Ամերիկան բանանային պետությո՞ւն է: Ամերիկան մեծ տերություն է: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ինձ օգնեք»,- ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ այդ երկրի քաղաքական էլիտան շեղում է մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից՝ ստեղծելով ոչ բարեկամ Ռուսաստանի կերպար: «Հավանաբար, ընտրությունների ընթացքում խոսքը պետք է գնար այլ, դեռևս չլուծված և իրական խնդիրների մասին: Սակայն, ինչպես երևում է, այդ երկրի քաղաքական էլիտան հասարակությանը հանգստացնելու տարբերակներ չունի, ուստի ավելի հեշտ է շեղել մարդկանց ուշադրությունը և սևեռել այն ռուս, այսպես ասած, հաքերների, լրտեսների, գործակալների վր ա»,- ասել է Վլադիմիր Պուտինը: