Բաժիններ՝

Ո՞ր ուժերի հետ կհամագործակցի Արամ Սարգսյանի կուսակցությունն ԱԺ ընտրություններից առաջ

Այսօր Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով։

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են համագործակցել նախկին համախոհների հետ, մասնավորապես՝ ՀԱԿ-ի նախկին և ներկա անդամների հետ, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ այդ առումով որևէ բան չի բացառում:

Նրա խոսքով՝ «Հանրապետություն» կուսակցությունն իր քաղխորհրդով բացառության մի սկզբունք է դրել՝ իրենք չեն համագործակցի այն ուժերի հետ, որոնք Մարտի 1-ից հետո արդարացրեցին այդ գործընթացը և գնացին պաշտոններ ստացան. «Սերժ Սարգսյանի հետ բաժակ զրնգացնելով և ասելով, թե՝ ի՞նչ է եղել, կարելի է նաև մարդ սպանել, իշխանություն վերցնել, և այդ իշխանության մասն ենք կազմում, որ ավելորդ արյունահեղություն չլինի»,- ասաց նա:

«Այս անհեթեթ մոտեցումն ունեցող քաղաքական կուսակցություններն ուղղակի իշխանական տաշտակից օգտվողներ են, և այս երկրին, պետությանն ավելի մեծ վատություն են արել, քան գործող իշխանությունը (որն այդ ոճրագործությունը գործեց), որովհետև նրանք են այն հենարանը, որով լղոզում են այս երկիրը:

Այո՛, ես ՀԱԿ-ին համարում եմ ընդդիմադիր, «Բարգավաճն» ինքն իրեն է ոչ իշխանական համարում, և ինքը համագործակցել է իշխանության հետ Մարտի 1-ից հետո: Հետընտրական գործընթացներում, այո՛, «Բարգավաճից» էլ կլինեն անհատական թեկնածուներ, որոնք պարտված կլինեն և կգան հրապարակ, բարով գան, այստեղ էլ խնդիր չկա:

Ինչ վերաբերում է կուսակցությանը կամ կուսակցության ղեկավարությանը, իրենք, իհա՛րկե, չեն կարող գալ, նախ՝ չեն գա, և Աստված չանի՝ նորից գնան շամպայն խմելու, եթե գան էլ, իրենք հարթակում տեղ չեն ունենա, որովհետև հանրությունը կսուլի»,- նշեց Ա. Սարգսյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան», Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունների հետ հնարավո՞ր է դաշինք կազմել, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ նշյալ բոլոր կուսակցությունները Մարտի 1-ի հետ որևէ կապ չեն ունեցել, և արտաքին քաղաքական, քաղաքակրթական առումով կուսակցություններ են, որոնց մոտեցումները կամ նույնությամբ համընկնում են իրենց մոտեցումներին, կամ շատ քիչ տարբերություններ ունեն.
«Իհարկե, հանդիպում ենք, համագործակցում ենք, բանակցում ենք, եթե կարելի է այդ զրույցները բանակցություն անվանել»:

Ա. Սարգսյանը, սակայն, բացառեց համագործակցությունը Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ՝ ասելով, որ Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուներից է.

«Ինքն այն մարդն է, որն արդարացնում էր Մարտի 1-ի գործընթացը, իր վրա պատասխանատվությունը նույնքան է, ինչ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս