«Շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն». Գալուստ Սահակյանը՝ «Սասնա ծռերի» անդամների մասին

««Հոկտեմբերի 27»-ը պատվիրատուների մասով չի բացահայտվել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ պատվիրատուների բացահայտումն այդքան հեշտ չէ, և աշխարհում շատ գործեր կան, որոնք մինչ օրս բացահայտված չեն:

«Բայց ես կարծում եմ՝ եթե դրսից միջամտություն է եղել, ինչ-որ ժամանակ բացահայտումն անպայման կլինի»,- հավելեց նա:

Հարցին, թե իշխանությունները կամք չունե՞ն դա անելու համար, 17 տարին քիչ ժամանակ չէ, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ա՛յ, եթե դու մի քիչ մեծանաս ու հայի արժեք ունենաս, կամքի մասին չես խոսա, ամբողջ հայ ազգը մի կամք ունի, չկա իշխանություն, ընդդիմություն, լրագրող, բոլորը մեկ կամքով են, մանավանդ նման տիպի հարցերով»:

168.am-ի հարցին, թե այս տարվա հուլիսյան դեպքերը՝ կապված ՊՊԾ գունդը զինված գրաված խմբի հետ, արդյոք չե՞ն ահազանգում, որ երկրորդ Հոկտեմբերի 27-ը լինելու հավանականությունը մեծ է, և ի՞նչ է անում իշխանությունն այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. ««Սասնա ծռերը» խումբ է, որը հիմա հետաքննության մեջ՝ քննարկում են, և ձեզ ասեմ, որ շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն, բայց հետևյալն է իմ կարծիքը, որ երբեք ու երբեք չի կարելի զինված տեսքով հարձակում գործել քո հիմնական պետության դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս