«Ամբողջ ծրագիրն ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսի համար ազատ պայմաններ ստեղծելուն, չխոչընդոտելուն». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե նոր կառավարությունն ի՞նչ մոտեցումներ ունի նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։

«Կառավարության ծրագրում չկար գրված, թե ինչպիսի մոտեցում կա աշխատատեղերի հետ կապված, և ի՞նչ տեսլական կա, հստակ գրված էր, որ կառավարությունը պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը։ Ինչպիսի՞ մոտեցում և տեսլական կա նոր աշխատատեղերի հետ կապված, ի՞նչ մոտեցում կա, որ աշխատավարձերը բարձրացվի, չէ՞ որ աշխատավարձերի ցածր լինելն է առաջացնում կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իրենց ծրագրի մեջ իրենք հստակ ձևակերպել են աշխատատեղերի վերաբերյալ իրենց մոտեցումները՝ ասելով, որ արդար, հավասար պայմաններ ստեղծելով՝ բիզնեսը, գործարար աշխարհը զարգանալու է, որը և աշխատատեղ ստեղծողն է.

«Բացի դրանից, մենք խոսել ենք նաև նոր աշխատատեղերի, նոր ինվեստիցիաների դեպքում՝ ինչ արտոնություններ ենք տալու։ Ամբողջ ծրագիրն ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսի համար ազատ պայմաններ ստեղծելուն, չխոչընդոտելուն, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը։ Նույն աշխատավարձերի վերաբերյալ, եթե այդ ամեն ինչը լինի, աշխատավարձերի աճը կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս