«Մեր հարկերով բոլոր փոխնախարարները iPhone 7 են գնո՞ւմ». Ալեքսանդր Արզումանյանը՝ վարչապետին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց.

«Ձեզ է ուղղված, բայց այնքան էլ հարց չէ, որքան՝ զարմանք։ Դուք լուրջ բարեփոխումներ եք անում հենց կառավարության աշխատակազմի կարգավորման առումով, և այլն, և վերջերս եղավ զավեշտալի դեպք՝ երբ կառավարությունը քննարկում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը, որը շատ դուր եկավ լրագրողներին, դուք էլ շատ իրավացիորեն զարմացաք և ասացիք՝ նման հարցերը չբերեն կառավարության նիստ։ Բայց այստեղ հարց է ծագում այդ լոգիկայի վերաբերյալ՝ ինչպե՞ս են ծախսեր կատարում մեր չինովնիկները։ Ինձ համար բացահայտում էր, որ կարելի է չինովնիկի համար հեռախոս գնել։

Դուք մեծ կորպորացիա եք ղեկավարել, մենեջեր եք եղել, գիտեք, որ կարելի է կորպորատիվ պլան ստորագրել օպերատորի հետ, կարելի է սիմ-քարտ գնել։ Այսինքն՝ փոխնախարարին չեն տալիս ժամացույց, որպեսզի նա իմանա՝ քանիսին պետք է գնա աշխատանքի։ Եթե որևէ չինովնիկ իր անձնական ավտոմեքենան օգտագործում է աշխատանքային գործունեության համար, ապա նրան բենզին են տալիս, և ոչ թե՝ մեքենա են գնում։ Եթե հաշվի առնենք, որ 18 նախարարություն ունենք՝ 3-5 փոխնախարարներով, ապա մի 60-70 iPhone 7 են այդ փոխնախարարներն օգտագործում։ Այդ ի՞նչ ծախսեր են, ի՞նչ տրամաբանություն է»։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում  Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ նախարարությանն անհրաժեշտ է նոր փոխնախարարի հաստիքի բացում, որով էլ պայմանավորված` մեկ նոր բջջային հեռախոս:

Կարդացեք նաև

Թեև հարցը վարչապետին էր ուղղված, բայց հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.

«Հավանաբար թյուր տեղեկություն է ձեզ հասել, որովհետև որևէ մեկը փոխնախարարի համար բջջային հեռախոս չէր գնում։ Երբ խոսքը վերաբերում է պաշտոնական պարտականությունների կատարմանը, օրինակ՝ տվյալ դեպքում խոսքն ԱԳՆ տեղակալի մասին էր, որը պարտավոր է կապվել իր գործընկերների հետ, մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրված է օգտագործել։ Որևէ հեռախոս որևէ մեկը չի գնում որևէ մեկի համար, այնպես որ, հավանաբար մեր լրագրողները վրիպել են, և դուք այդ տեղեկատվությունը որպես հիմք եք ընդունել»։

Ալեքսանդր Արզումանյանն էլ հավելեց, որ մի շարք լրատվամիջոցներ կառավարության նիստի օրակարգը ներկայացրել էին՝ որպես բջջային հեռախոս հատկացնելու հարց, իսկ դա աբսուրդ էր.

«Բացի նրանից, որ նման հարցերը չի կարելի բերել կառավարության նիստ, այլ բացատրություն չեղավ կառավարությունից։ Դրա համար ես փորձեցի ճշտել՝ արդյո՞ք մեր հարկերով բոլոր փոխնախարարներն iPhone 7 են գնում»։

Տեսանյութեր

Լրահոս