Վարդան Օսկանյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա՞ն նույն հարթակում

«Համախմբում» կուսակցությունը դեռ հստակ որոշում չունի՝ ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին; Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի միավորման վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությանը, նշեց, որ ընդհանրապես իրենք քաղաքական ուժերի հետ կո նսուլտացիաները հեռանկարային են համարում, սակայն դրա մասին կխոսեն այն ժամանակ, երբ կքննարկեն ու վերջնական որոշում կունենան: «Մենք ինքներս դեռևս այդպիսի հատուկ քննարկված որոշում չունենք, թե ինչ անել, ոնց անել, բայց կուսակցության ստեղծման օրվանից էլ մենք հայտարարել ենք, որ կողմ ենք այդ գաղափարին»,- նշեց Մարգարյանը:

Հարցին, հաջորդ խորհրդարանական ընտրություններում ինչպե՞ս է գնահատում «Համախմբում» կուսակցության հնարավորությունները, Մարգարյանը պատասխանեց. «Եթե կուսակցություն ենք ստեղծել և քաղաքական ասպարեզ ենք մտել, իհարկե, հնարավոր ենք համարում, որ կարող ենք հաղթահարել անհրաժեշտ շեմը, մեր հնարավորությունները համարում ենք բավականին բարձր: Հիմա, թե ինչպիսին կլինեն ընտրությունները, կապրենք կտեսնենք»:

Մարգարյանը չհամաձայնեց շրջանառվող խոսակցությունների հետ, թե «Համախմբում»-ը ցանկանում է այլ կուսակցությունների հետ դաշինքներ կազմել, քանի որ կուսակցության ռեսուրսները փոքր են: Նրա խոսքով՝ոչ ոք իրենց ռեսուրսները չի չափել և իրենցից բացի այդ ռեսուրսների մասին որևէ մեկը չգիտի: «Եթե կան նման խոսակցություններ, դրանք ուղղորդված են: Երկու խոշոր քաղաքներում ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը մեծ մասամբ կողմնորոշվում է դեպի ընդդիմություն: Մեր երկրում փոփոխության հասնելու միակ ձևը ընդդիմության միասնականության մեջ է: Առանձին հանդես գալու դեպքում ձայները փոշիանում են: Ես շատ եմ լսել մարդկանցից, ոչ դժգոհում են, թե բոլորն ասում են, որ ընդդիմություն են, և մարդկանց ստիպում են ընտրություն կատարել, թե որն է ավելի լավ ընդդիմություն, որն է միակը, որը բազմակին: Ժողովրդին այս ամենը պետք չէ փաթաթել: Ժողովրդին պետք է ասել կա ընդդիմադիր բևեռը և իշխանական բևեռը: Կհաջողվի դա, կլինեն փոփոխություններ, չի հաջողվի, կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց պատգամավորը:

Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ «Համախմբում»-ը կարող է համագործակցել ՀԱԿ-ի հետ և Վարդան Օսկանյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգան նույն հարթակում:

Տեսանյութեր

Լրահոս