Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մեջ նախնական տվյալներով կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ
«Նոր Մոսկվա» թաղամասում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մեջ ռուսաստանյան իրավապահ մարմինները կասկածում են ծագումով Հայաստանի այլ քաղաքացիների: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեն:
ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պետ Յուլի Իվանովը տեղեկացրել է, որ գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանության» մասով: ՌԴում ՀՀ դեսպանության տվյալներով` սպանվել են 43ամյա Էդուարդ Նշանյանը և 46 ամյա Արմեն Իսրայելյանը:
«Քննիչները կասկածյալների ինքնության մասին տեղեկատվություններ ունեն: Նախնական տվյալներով` նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- նշել են ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկվայում ՀՀ 2 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանվածների ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴ իրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում է ՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։
Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչականօպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 35 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվհետախուզական միջոցառումներ:
Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով, եւս, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվհետախուզական, քննչական միջոցառումներ: