Ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ Գեղարքունիքի մարզի 47-ամյա բնակչուհու նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման և սեռական բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, լինելով խմած, ապօրինի մուտք է գործել 47-ամյա բնակչուհու բնակարան ու բռնության գործադրմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի մյուս մասերին, պահանջել խոշոր չափի գումար։
Միայնակ ապրող կնոջ բնակարանում գումար չգտնելուց հետո՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։