Օմսկում ММА-ի մարզիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացուն
Ինչպես հաղորդում է «ՍուպերՕմսկ» կայքը, հղում կատարելով «ՎԿոնտակտե» սոցցանցի Regik55 համայնքի ներկայացուցիչներից մեկին, խառը մարտարվեստում հանդես եկող մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին։
Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի շրջանում։
Նախնական տեղեկություններով՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն վեճի ժամանակ ծեծել է Վահե Զալիբեկյանին։ Տղամարդը ստացած վնասվածքներից ավելի ուշ մահացել է։
Փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով («Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը անզգուշաբար մահվան է հանգեցրել»):
Հաղորդվում է, որ կասկածյալը ներկայումս ձերբակալվել է։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել վեճի պատճառը։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել «ՍուպերՕմսկին», մարզիկի տանից հայտնաբերվել են իրեր, որոնք օգտագործում են սափրագլուխները։ Բացի այդ՝ կասկածյալը զբաղվում է մենամարտերով, ունի մրցանակներ։