Բաժիններ՝

Քահանայական ձեռնադրություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 23-ին` Ս. Խաչի գյուտի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը սարկավագներ:

Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, կատարվել էր ընծայման կարգը: Ս. Պատարագի ընթացքում` աղոթքներից հետո, «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո նորընծաները, դառնալով դեպի ժողովուրդը և ծնկի գալով, ձեռքերը վեր բարձրացրած հրաժավեցին աշխարհից և կոչվեցին քահանայության:

ekexeci-11

ekexeci-10

ekexeci-9

ekexeci-8

Այնուհետև, Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, Հովնան Սրբազանը նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Գարիկ սարկավագ Ասրյանը վերակոչվեց Տ. Ներսես քահանա, Արսեն սարկավագ Հմայակյանը` Տ. Մաշտոց քահանա, Ժորա սարկավագ Սարգսյանը` Տ. Հովսեփ քահանա, Բենիամին սարկավագ Ոսկանյանը` Տ. Մամբրե քահանա,  Նարեկ սարկավագ Մարդիրյանը` Տ. Եզնիկ քահանա,  Լևոն սարկավագ Սահակյանը` Տ. Սահակ քահանա,  Արմեն սարկավագ Մարգարյանը` Տ. Դավիթ քահանա, Գեղամ սարկավագ Նուրիջանյանը` Տ. Եղիշե քահանա, իսկ Արթուր սարկավագ Անտոնյանը՝ Տ. Նարեկ քահանա:

Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազանը քարոզեց ձեռնադրության խորհրդի մասին` նշելով. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, գալով աշխարհ, ընտրեց տասներկու աշակերտներին, նրանց տվեց իշխանություն՝ քարոզելու և բժշկելու և ուղարկեց աշխարհ: Վերջիններս էլ ընտրեցին իրենց իրավահաջորդներ՝ ձեռքերը դնելով նրանց գլխին, իշխանություն տալով բժշկելու ու դևեր հանելու և իրենց հերթին ուղարկեցին աշխարհի չորս կողմերը: Եվ այսօր, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, մենք էլ կատարեցինք ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը նվիրյալ միաբանների կոչելով քահանայության, որպեսզի իրենք նույնպես գնան ու կատարեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո կտակը՝ քարոզել աշխարհում և աշխարհի համար հանդիսանալ աղ և լույս»:

Հովնան Սրբազանը նաև իր պատգամը փոխանցեց նորաօծներին: «Շատ մեծ անելիք ունեք: …Պետք է գնաք դեպի աշխարհ, դեպի ժողովուրդ, պիտի այցելեք իրենց տներ, պիտի հիշեցնեք, որ իրենք հավիտենական հոգիներ ունեն, պիտի հիշեցնեք, որ իրենք մահկանացու են և պետք է իրենց սովորեցնեք Եկեղեցի տանող ճամփան: …Դուք պետք է լինեք նրանց հոգևոր հայրը, պիտի սրբեք նրանց արտասուքները, մուտք գործելով տներ` պիտի խաղաղություն բերեք, աղքատների համար հույս պիտի լինեք, կարոտյալների համար՝ մխիթարություն:

Սիրելի նորաօծ քահանա եղբայրներ, մեծ գործ ունեք իրականացնելու, սակայն, այդ գործը կատարելու համար դուք միայնակ չեք, ինչպես Հիսուս Քրիստոս ասաց՝ առեք Ս. Հոգին: Եվ այսօր քահանայական ձեռնադրությամբ դուք այդ շնորհն ստացաք:

…Շատ հաճախ Աստծուց պիտի առնեք Իր առատ շնորհները և բաշխեք մեր հավատավոր ժողովրդին, և, ընդհակառակը, մեր ժողովդրդից պետք է վերցնեք իրենց դարդերը, մտածումները, իրենց մեղքերը և մատուցեք Աստծուն: Շատ ծանր, բայց փառավորյալ է ձեր գործը, որովհետև զբաղվելու եք հոգիների փրկությամբ մարդկանց դեպի հավիտենականություն առաջնորդելու և վերջապես՝ մեր Տիրոջը՝ Աստծու Որդուն եք ներկայացնելու այս աշխարհում», – ասաց ձեռնադրող Սրբազանը` հորդորելով ստացված կոչումը կյանքով և գործով արժևորել և աշխարհի համար իրապես հույս և լույս դառնալ:

Մայր Աթոռի տարեգրության մեջ հիշարժան այս օրվա առիթով Հովնան եպիսկոպոսը շնորհավորեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին և հոգևոր դասին, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը և դասախոսներին, ինչպես նաև նորաօծների ծնողներին, երեցկանանց ու հարազատներին:

ekexeci-7

ekexeci-6

ekexeci-5

ekexeci-4

ekexeci-3

ekexeci-1

Քարոզից հետո ներկա հոգևոր դասը` առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարձրացավ խորան` շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու խաղաղության առաջին «Ողջույնը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս