Ցինիզմ է և ստորություն «Նուսրա»-ին կերակրելը և ՌԴ-ին մեղադրելը. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել և ցինիզմ է որակել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, այն է՝ մեղադրել ՌԴ-ին հումանիտար ճգնաժամի մեջ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դա ցինզմ է այն դեպքում, երբ Արևմուտքը հանգիստ հետևում է, թե ինչպես է «ան-Նուսրա»-ն խափանում սննդամթերքի մատակարարումները:
«Ամենասարսափելին այն է, որ այն երկրները, որոնք հիստերիկ պահվածք են դրսևորում Հալեպի հումանիտար իրավիճակի կապակցությամբ, գիտեն (չեն եզրակացնում, այլ գիտեն), որ հումանիտար օգնության առաքումը քաղաքի ժողովրդի համար արգելափակվել է գրոհայինների կողմից, որոնց նրանք (Արևմուտքը) իրենց հերթին պարբերական օգնություն են ցուցաբերել: Գիտեն, լռում են և ոչինչ չեն ձեռնարկում: Կերակրել և բուժել «Նուսրա»-ին և հետևել, թե ինչպես են նուսրացիները խափանում սննդամթերքի և դեղամիջոցների մատակարարումը, միաժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռո ւսաստանին մեղադրում Հալեպի հումանիտար աղետի մեջ, ցինիզմ է և ստորություն»,- ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: