«Կեղծված ընտրություններ» բանաձեւը կարող է վնասել հենց Թրամփին

«Խոստանում եւ երդվում եմ բոլոր ընտրողներիս եւ Միացյալ Նահանգների ժողովրդի առջեւ, որ կընդունեմ այս պատմական ընտրությունների արդյունքները, եթե հաղթեմ», – նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի այս խոսքերը հաջորդեցին դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ բանավեճի ընթացքում արված իր իսկ հայտարարությանը, որ նա կարող է խախտել Միացյալ Նահանգներում տասնամյակներ շարունակվող ավանդույթը, որը ենթադրում է պարտվողի կողմից ընտրությունների արդյունքի ընդունում։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի այս քայլը կարող է էլ ավելի վատթարացնել իր հարաբերությունները սեփական հանրապետական կուսակցության հետ: Նոյեմբերի 8-ին նախագահական ընտրությունների հետ համատեղ ԱՄՆ-ում վերընտրվելու է Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի մեկ երրորդը եւ Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ: Այսպիսով, հանրապետական թեկնածուները ցանկանում են Թրամփի պարտության դեպքում առնվազն ապահովել հանրապետական մեծամասնությունը Կոնգրեսում: Արդյունքում, անորոշությունից օգտվում է Քլինթոնը, նշում է հանրապետական վերլուծաբան Ջոն Ֆիհրին.

«Հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականների ընտրողների 75-80 տոկոսը շարունակում է աջակցել Դոնալդ Թրամփին, կուսակցության վերնախավն այստեղ սխալվում է: Արդյունքում տարաձայնություն է առաջանում, որից օգտվում է Հիլարի Քլինթոնը»:

Վերջին հարցումների համաձայն Թրամփը Քլինթոնից 7 տոկոսով հետ է ընկել: Թրամփի աջակիցների տոկոսը սկսեց նվազել սեպտեմբերին անցած թեկնածուների առաջին բանավեճից հետո: Վերլուծաբան Մեթյու Դալեքի խոսքով, դրա պատճառը Թրամփի ագրեսիվ բնավորությունն է.

«Այս ընտրություններում նախագահական բանավեճերն ավելի կարեւոր դեր խաղացին, քան նախորդներում. Մասամբ այն պատճառով, որ երկու թեկնածուներն էլ չեն վայելում հասարակության համակրանքը: Մարդիկ հարցի տակ են դնում Դոնալդ Թրամփի խառնվածքն ու Հիլարի Քլինթոնի վստահելիությունը»:

Նախագահական բանավեճերն ավարտված են, իսկ թեկնածուները փորձում են նոյեմբերի 8-ի ընտրություններից առաջ հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց օգտին:

Տեսանյութեր

Լրահոս