ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Աբովյան» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոկտեմբերի 21-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով. «Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են:
Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:
Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ»: