«Աղվան Հովսեփյանի զավակներն ապրել, ապրում և ապրելու են հայրենիքում». ՔԿ
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք լրագրության նկատմամբ և չհարգելով իր ընթերցողների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը, այսօր տարածել էր, թե, իբր, ՀՀ ՔԿ նախագահի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, շաբաթներ առաջ այցելել է Լոս Անջելես և հետաքրքրվել ընտանիքով այնտեղ հաստատվելու հնարավորությամբ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն «տեղեկությունը» որևէ աղերս չունի իրականության հետ և հետևանք է հիվանդագին երևակայության։ Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի, հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ունի երեք զավակ, ովքեր ապրել, ապրում և ապրելու են իրենց հայրենիքում, որևէ այլ երկրում «հաստատվելու» մտադրություն չունեն՝ ի տարբերություն նման ստահոդ լուրերի հրապարակմամբ շահագրգռված անձանց։
Կոչ ենք անում զերծ մնալ զրպարտչական տեղեկություններ տարածելուց, հարգել լրագրողի կոչումը, մասնագիտությունը և լրատվամիջոցը չվերածել մտացածին լուրերի, բամբասանքների տարածման հարթակի։
ՀՀ քննչական կոմիտե