Ուկրաինայի Գերագույն ռադան հոկտեմբերի 25-ը սահմանել է Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ը սահմանել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր, հայտնում է Analitikaua-ն։
Ուկրաինայի Գերագույն ռադայի տվյալ որոշմանը կողմ է քվեարկել 240 խորհրդարանական։
Հաղորդվում է, որ նախագծի հեղինակն է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին։
Նախագծում նշվում էր, որ դրա ընդունումը կապահովեր պատմական հիշողության պահպանումը, կնպաստեր հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանը։
Վճռի ընդունումը հավելյալ ծախսեր չի պահանջում Ուկրաինայի պետբյուջեից։
Փաստաթղթում նշվում է, որ 1945թ. Արևմտյան Ուկրաինայում սկսվել է արևելա-կաթոլիկական եկեղեցիների զանգվածային վերացում։
Հայ կաթոլիկ եկեղեցին եղել է առաջիններից մեկը։ Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ է համարվում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:
«Պատմական հիշողությունը պահպանելու և Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները և ազգային փոքրամասնությունների իրավունքները պահպանելու, կրոնական և էթնիկ հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան վճռում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հարգել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,-ասված է որոշման մեջ: