Հերմինե Նաղդալյանը վարչապետին առաջարկեց 10 տոկոսով բարձրացնել պետական-կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերը
«ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել և իր գործողություններում մշտապես եղել է բաց, ոչինչ չի թաքցրել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի 14-րդ կառավարության ծրագիրը, շարունակելով նախորդների ավանդույթները, հիմնվելով ՀՀԿ-ի և նախագահի ծրագրերի վրա, ղեկավարվելով ՀՀ նախագահի հայտնի ելույթների գաղափարներով, անում է քայլ առաջ՝ բարդ իրավիճակից դուրս գալու համար։
«Կառավարության ծրագիրն առանձնանում է կոնկրետությամբ։ Պետական կառավարման յուրաքանչյուր օղակի համար սահմանվում կամ հստակեցվում են պարտավորություններ և պատասխանատվություն, դա է կառավարման մենեջմենթը։ Ծրագրում կան կետեր, որոնց ոչ միայն կատարման համար է պետք ժամանակ, այլև տեխնոլոգիական ժամանակ, ու կարող է ձեր առջև դրված ժամանակը չբավարարել»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։
Հ. Նաղդալյանը նկատեց, որ վարչապետն ասել է, որ այս կրճատումների փուլից հետո աշխատանքի վարձատրության բարձրացումներ չեն լինելու. «Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այս ծրագրերի կատարման համար անհրաժեշտ մեծ ծավալով և բարձրորակ աշխատանքը, ճիշտ կլինի այս կրճատումների հաշվին գոնե մի 10 տոկոսի չափով բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը, որպեսզի ապագայի նկատմամբ լինի լավատեսություն և հավատ»։