Ընտրվելու է Հիլարի Քլինթոնն, ու աշխարհում պատերազմները շատանալու են. Երվանդ Ազատյան
Ամերիկահայ մտավորական, ՌԱԿ գործիչ Երվանդ Ազատյանը վստահ է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, և աշխարհում քաղաքական ու պատերազմական իրավիճակն ավելի է բարդանալու.
«Շատ բացահայտ է, որ ընտրվելու է Հիլարի Քլինթոնը, ինչն ԱՄՆ-ի համար շատ վատ է, աշխարհի համար՝ ավելի վատ, Հայաստանի համար էլ՝ իր հերթին: Պատերազմներն ավելի կսաստկանան, որովհետեւ տիկին Քլինթոնն արդեն ռազմարդյունաբերության պատասխանատուներին հանձնարարություններ է տվել՝ ավելի լավ զենքեր արտադրելու առումով, և պարզ է, որ աշխարհի երեսին արյունահեղությունը պիտի ավելացնի»,-«Արևելքին» հայտնեց ամերիկահայ գործիչը:
Ինչ վերաբերվում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին, Երվանդ Ազատյանը նշում է.
«Թրամփը լուրջ մեկը չէ, և հանրապետականներն իրենք արդեն լուրջ չեն համարում նրան:
Նույնիսկ «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ»-ը, որ իրենց ողնասյունն է, Թրամփի դեմ հոդվածներ ու նրան չնպաստող խմբագրականներ է գրում: Հանրապետականներից մի կարևոր դեմք անգամ ասաց՝ ես քիթս բռնելու եմ, բայց գնալու եմ Հիլարիին քվեարկեմ: Քլինթոնը հանրապետականներին խոստումներ է տվել, թե ես ձեր նպատակները պիտի իրագործեմ, ինձ քվեարկեք: Իսկ նրանք էլ քաղաքական այդ անջրպետը շատ հեշտությամբ կարող են շրջանցել, եթե իրենց արդյունաբերությունն այդ ձևով առաջ պիտի գնա»,-մեզ հետ զրույցում հայտնեց սփյուռքահայ մտավորականը:
Խոսելով այն մասին, թե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը ինչքանո՞վ կազդի աշխարհի թեժ կետերից մեկի՝ Մերձավոր Արևելքի վրա, Երվանդ Ազատյանը պատասխանեց.
«Մերձավոր Արևելքի, հատկապես Սիրիայի կացությունը կարող է ավելի վատանալ: Այն, ինչ որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան առաջադրում են Սիրիայի համար, որ ազատ գոտի լինի, թռիչքների արգելում լինի և այլն, ինքը՝ Հիլարի Քլինթոնը դրա կողմնակիցն է և ընտրվելուց հետո շատ հավանաբար կցանկանա գործադրել, մի բան, որին ընդդիմացավ Օբաման և մինչև հիմա ընդդիմանում է:
Օբամայի որդեգրած քաղաքականությունը նման հարցերին ավելի դիվանագիտական լուծումով էր մոտենում, իսկ Հիլարի Քլինթոնն այդ աշխարհայացքը չունի, և անցյալում էլ այդպես էր, այսօր էլ ավելի շատ զենքի ուժով դիվանագիտական հարցերը առաջ տանելու ձգտում կա: Բնական է՝ եթե ԱՄՆ-ը ուժ ունի, ինչո՞ւ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի: Ուժով ամեն հարց լուծում են, կարծում եմ:
Այսօր Միջին Արևելքը տակնուվրա է, և այն մարդիկ որ տակնուվրա արեցին, իրենց նպատակին հասել են: Նրանց համար այդ երկրները՝ Սիրիա, Իրաք Լիբիա, երկրներ էին, որ իրենց ենթակա չէին, իրենց քաղաքական հեռանկարների հետ հաշտ չէին այդ երկրների ղեկավարները, դրա համար բոլոր այդ կառույցները բնաջնջեցին, վերջինը Սիրիան է, որ այսօր ուղղակի ընկղմված է, նայենք ինչպես դուրս կգա այս ցեխից»:
Կայքի այն հարցին, թե ապրիլի 24-ին կարտասանի՞ արդյոք Հիլարի Քլինթոնը «ցեղասպանություն» բառը, ԱՄՆ բնակվող մտավորականը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ արտասանի: Օբաման, որ այդքան բարյացակամ էր և այդքան մոտ էր այդ բառն արտասանելուն, և գործնականորեն էլ ապացուցեց, որ հավատում է (Թուրքիա գնալով և խորհրդարանից հայտարարելով, որ դուք ձեր պատմության հետ հաշվի պիտի նստեք, ինչն աննախադեպ էր քանի որ ոչ մի նախագահ դա չի արել), չարտասանեց: Չարտասանեց, որովհետև նախագահները կաշկանդված են երկրի օրվա դիվանագիտությամբ: Նրանք չեն կարող իրենց անձնական կարծիքն այդքան բացահայտորեն արտահայտել»: