WikiLeaks-ը համացանցում տեղադրել է Օբամայի էլեկտրոնային հաղորդագրությունները
WikiLeaks-ն առաջին անգամ համացանցում ազատ մատչումով տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդում է The Hill-ը:
Նշվում է, որ հաղորդագրություններն ուղարկվել են 2008թ. հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Օբամայի հաղթանակից առաջ։
Օբամային հաղորդագրություններ ուղարկողն ու ստացողը եղել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան, որի էլեկտրոնային փոստի նամակագրությունը հրապարակում է WikiLeaks-ը:
Նամակներում նշված է, որ Օբաման օգտվել է [email protected] էլեկտրոնային հասցեից: Մինչ այդ հայտնի չէր այն մասին, որ ԱՄՆ նախագահն օգտվել կամ օգտվում է այդ դոմեյնից:
Օբաման ու Պոդեստան իրենց նամակագրությունում քննարկում են նրա հնարավոր նախագահությունը, ինչպես նաև G20-ի գագաթաժողովին նրա հնարավոր մասնակցության հարցը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:
Հաղորդագրությունների մեծ մասը գրել է Պոդեստան, Օբաման նվազագույնս է մասնակցում նամակագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության 13-րդ մասը: