Արփինե Հովհաննիսյանը ծաղկացրեց ելույթը Ջորջ Օրուելի խոսքերով
«Ինձ մոտ էլ է դեժավյու, այս դահլիճում տարբեր կարգավիճակներով, բայց երրորդ անգամ կառավարության ծրագիր քննարկելիս՝ նույն հռետորաբանությունը, նույն ելույթները, նույն էքսպրեսիան, նույն թերահավատությունը, ոչինչ չի փոխվում, ոչինչ չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ինքն ակամայից հիշել է Ջորջ Օրուելի խոսքերը՝ «Քաղաքական լեզուն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ոչ ճշմարիտը հնչի ճշմարտանման, որպեսզի օդը հնարավոր լինի բռնել ձեռքերով, և, ինչո՞ւ ոչ, անգամ հանցագործությունը հնարավոր լինի հիմնավոր ներկայացնել».
«Ես հեռու եմ այն մտքից, որ հռետորները, որոնք խոսեցին այս դահլիճում, հենց այս նպատակն էին հետապնդում, բայց ինձ մոտ տպավորությունը որոշ ելույթների հետ կապված այդպիսին էր, որովհետև, օրինակ, ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է չնկատել ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, մարդու իրավունքներ, ինչպե՞ս կարելի է, օրինակ, հանրային շահը չտեսնել… Եթե որոնել են, օրինակ, «հանրային շահ» բառակապակցությունը, գուցե չեն տեսել, բայց եթե որոնեին ու ուզենային տեսնել հանրային շահի ոգին, ապա սա ամբողջ կառավարության ծրագրի մեջ էր»։
Խոսելով արդարադատության համակարգի խնդիրներից՝ նախարարն ասաց, որ արդարադատությունը ՀՀ քաղաքացու մոտ միշտ չէ, որ դրական սպասումներ է առաջացնում.
«Վստահ եմ, որ համակարգում քիչ չեն այն դեպքերը, որ ստորադաս դատարանների վճիռները վերադաս դատարանների ցուցումների հիման վրա են կայացվում, կա նման խնդիր։ Խնդիր է հանդիսանում Արդարադատության խորհրդի դատավոր անդամների անկախության ապահովումը։ Դատարաններում գործերի քննությունը ձգձգվում է, և այլն»։