«Ռուսաստանի պահվածքն անընդունելի է». Մարտին Շուլց
Եվրամիությունը պետք է Ռուսաստանին հստակ ազդակ ուղարկի, որ համաձայն չէ նրա գործողությունների հետ։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հոկտեմբերի 20-ին՝ մինչ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովն սկսվելը։
«Այն, ինչ անում է Ռուսաստանը, բացարձակ անընդունելի է։ Նրա ագրեսիվ գործողությունների հետևում ընկած է հասարակության այնպիսի մոդել, այնպիսի աշխարհընկալում, որն ընդհանուր ոչինչ չունի փոխադարձ հարգանքի եվրոպական փիլիսոփայության հետ»,- ընդգծել է Շուլցը։
«Ուղերձը, որը եվրոպացիները պետք է հասցնեն Պուտինին, հռչակում է. «Մենք ձեզ հետ համաձայն չենք»»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Եվրոպացիները պետք է խստորեն պնդեն իրենց դիրքորոշումը, սակայն, դրա հետ միասին, չփակեն դուռը Ռուսաստանի առաջ, եթե նա ցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Շուլցը։
Ըստ նրա՝ ի տարբերություն Պուտինի՝ Եվրամիությունը չի պատրաստվում օգտագործել ուժային մեթոդներ սիրիական ճգնաժամի լուծման համար։ «Այն, ինչ անհրաժեշտ է Սիրիային այսօր, զենքը չէ։ Հակառակը, որքան հնարավոր է քիչ զենք և զինված հակամարտություններ։ Եվրամիությունը պետք է միջնորդի դեր խաղա, և արդեն դա անում է»,- ընդգծել է Եվրախորհրդարանի ղեկավարը։