«Դա չի լինելու բյուջեի ծախս, որովհետև այդ մասնագետներին վճարելը թանկ հաճույք է». Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին  կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից, թե կառավարության ծրագրում ինչո՞ւ ոչ մի տեղ նշված չէ «հանրային շահ» հասկացությունը. «Ինչո՞ւմն է խնդիրը, որ հանրայինի գաղափարը կորչել է»։ Նրան նաև հետաքրքրում էր, թե ի՞նչն է դրդել, որ կառավարությունը ցանկանում է ինքը ձևավորել որևէ ռազմավարական կենտրոն այն դեպքում, երբ ըստ պատգամավորի՝ 25 տարվա ընթացքում Հայաստանում զարգացել են քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ, և որակի առումով շատերի արած ծրագրերն ավելի բարձր են, քան շատ ու շատ պետական մարմինների կողմից իրականացված ծրագրերը։ «Ինչո՞ւ եք նորն ուզում ձևավորել, այն էլ՝ հանրային գումարներով. մի կողմից՝ ասում եք, որ պետք է ամեն ինչ բաց լինի, մյուս կողմից՝ ինչ-որ սեփական մարմին եք ձևավորում, ո՞րն է խնդիրը»,- հարցրեց պատգամավորը։

Առաջին հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ գուցե այդ բառակապակցությունը չկա, բայց փոխարենը նշված է արժանապատվության, աղքատության նվազեցման, պաշտպանվածության և այլնի մասին։

Ինչ վերաբերում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու մասին հարցին, ապա վարչապետը նշեց, որ, եթե գոյություն ունեն  նման ռազմավարական կենտրոններ, կառավարությունը մեծ ուրախությամբ իրենց պրոդուկտը կվերցնի և կիրագործի։ «Դա չի լինելու բյուջեի ծախս, որովհետև այդ մասնագետներին վճարելը թանկ հաճույք է։ Բյուջեի վրա զուտ այդ քառակուսին ենք ձևավորելու՝ որոշակի անձնակազմով, որպեսզի իրենք առօրյա աշխատանքը կազմակերպեն։ Բայց եթե մեր երկրում կան նման ռազմավարական ինստիտուտներ, որոնք տվել են կիրառական պրոդուկտներ կամ կարող են տալ, մենք մեծ սիրով կվերցնենք դա։ Մենք դա ստեղծում ենք՝ այս պահին չունենալով որևիցե ռազմավարական ստրատեգիա. ընդհանուր ունենք, բայց թուղթ ու գրիչով ձևակերպված չունենք։ Եթե դուք ունեք նման բաներ, մենք սիրով կքննարկենք ձեզ հետ»։

Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Զարմանալի է, որ այսօրվա դրությամբ Սոցիալական ոլորտի և Առողջապահության նախարարությունները չեն նշում մի քանի կենտրոնի աշխատանքներ, որոնք նպաստել են, օրինակ՝ 2015-16թթ. Հղիության արհեստական ընդհատումների դեպքերը, ու 1400 երեխա է դրա շնորհիվ ծնվել։ Կան կենտրոններ, որոնք հակակոռուպցիոն խորհրդին օգնել են պարտաստել ամբողջ համակարգային փոփոխության մոտեցումը, ծրագրեր են տրամադրել։  Իսկ հանրային շահի մասով՝ նշելով կամ կարդալով՝ պետություն կամ մասնավոր հիմնադրամ, ինձ մոտ հասկացվում է, որ կան մի խումբ մարդիկ, որոնց մոտ այդ փոքրիկ խմբի շահն է կարևոր»։

Պատգամավորի այս մոտեցումներին վարչապետն այսպես պատասխանեց. «Այն, ինչ դուք ասում եք, դա էլ է ռազմավարական նախաձեռնություն, բայց մենք այստեղ նկատի ունեինք՝ բարեփոխումներ՝ ըստ ոլորտների։ Կրկնում եմ՝ պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները։ Պետության և մասնավորի մասին երբ խոսում ենք, որևէ անձնական կամ մի խումբ մարդկանց շահերի մասին չենք խոսում։ Հիմնադրամի, ձևավորվող բյուջեի մասին ընդհանրապես չենք խոսել»։

Տեսանյութեր

Լրահոս