Դիրքերում մահացած հայտնաբերված Արթուր Մխիթարյանի գործը կքննի ՀԿԳ վարչությունը

Ժամկետային զինծառայող  Արսեն Մխիթարյանի մահվան գործի հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Այս մասին հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը, ով ներկայացնում է տուժողի իրավահաջորդի՝ նրա հոր շահերը։

«Ս.թ. հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբան Ն. Նորիկյանը, անդրադառնալով ս.թ. հուլիս 3-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան հանգամանքներին և հարուցված քրեական գործի ընթացքին, հայտնել է, որ՝

1. Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն, ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում և զինված ուժերում, ովքեր անում են հնարավորը կամ ցուցաբերում շահագրգռվածություն՝ Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար:

2. Տուժող կողմի մոտ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ անկախ նրանից, թե այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին ինչ բովանդակությամբ ու հիմնավորմամբ միջնորդություններ կներկայացվեն, և անկախ նրանից, թե այլ քննչական գործողություններով ինչպիսի փաստական հանգամանքներ ի հայտ կգան և ինչպիսի ապացույցներ կբացահայտվեն, միևնույն է՝ վարույթն իրականացնող մարմնի մոտ շարունակելու է գերակայել այն համոզմունքը, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում որևէ մեկը մեղավոր չէ, հետևաբար՝ իրենք որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնելու:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ փաստաբան Ն.Նորիկյանը ինչպես հրապարակավ, այնպես էլ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդգծելով, որ տուժող կողմի մոտ պահպանվում է վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ առաջացած անվստահությունը, և ստեղծված վստահության ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքը կլինի գործի հետագա քննությունը հանձնարարել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը՝ գործի օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննությունն ապահովելու նպատակով :

Ս.թ. հոկտեմբերի 20-ին ստացվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Արսեն Մխիթարյանի գործի հետագա նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը»,- հայտնում է Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Տեսանյութեր

Լրահոս