Թուրքիայի փոխվարչապետը երրորդ համաշխարհային պատերազմ է կանխատեսում
ԴԱԻՇ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կարող է վերածվել նոր պատերազմի համար առիթի, որը կկատարվի երրորդ ուժերի կողմից և որը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Ավելի վաղ Անկարան դեմ էր հանդես գալիս Մոսուլի գրավմանը շիա աշխարհազորայինների միանալուն՝ դա բացատրելով տարածաշրջանում միջկրոնական բախումների վտանգով։
«Մոսուլի ազատագրումը ԴԱԻՇ-ից կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, այդ թվում՝ երրորդ համաշխարհային պատերազմի»,- նրա խոսքերը մեջբերել է Anаdolu գործակալությունը։
Նուման Քուրթուլմուշի խոսքով՝ Մոսուլի, ինչպես նաև Հալեպի և Դամասկոսի ապագան ուղղակիորեն շոշափում է Թուրքիայի շահերը։
«Հարևան երկրների բնակիչները մեր ընկերներն են, եղբայրները, հարազատները։ Մենք բոլորս ապրում ենք մի տարածաշրջանում։ Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել Թուրքիային՝ հետաքրքրվել իրադարձություններով, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում»,- ասել է նա։