Բաժիններ՝

«Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա». ՀՀ Ֆինանսների նախարար

«Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը, ըստ որի՝ մոտ ապագայում ՀՀ-ին սպառնում է դեֆոլտ:

«Վերջին տարիներին պարտքի աճը նաև պայմանավորված է եղել արտաքին աշխարհից ներթափանցած շոկերով, պարտադրված ենք եղել, որպեսզի մենք որոշակի պարտքի աճ թույլ տանք, բայց դա չի նշանակում, որ ապագայում կա դեֆոլտի մեծ հավանականություն: Դեֆոլտը ոչ այլ ինչ է, քան քո հավանական պարտավորությունների կամ ստանձնած պարտքի՝ սեփականատերերի նկատմամբ քո պարտավորությունների չկատարում: Ես կարծում եմ` այդպիսի խնդիր մենք այսօր չունենք: Ապագայում էլ մենք փորձելու ենք ավելի ուժեղացնել մեր բարձիկները: Դա է եղել հիմնական հենքը, որ դրված է եղել 2017թ. բյուջեի հիմքում»,- ասաց նախարարը:

Դիտարկմանն ի պատասխան, որ 2020 թվականին լինելու է արտաքին պարտքի սպասարկման պիկը, Վարդան Արամյանը նշեց, որ  միջազգային պարտքում կա «բութ մատի» կանոն, երբ սովորաբար երկրները, որոնք թողարկում են մեծ պարտքեր, ունենում են պիկային խնդիրներ.

«Բայց ի՞նչ է կատարվում. մինչև այդ պիկին հասնելը կատարվում են վերաթողարկումներ ու անընդհատ հետաձգվում են: Դա պարտքի կառավարման գործիքակազմերի կարևոր կանոններից է: Դրա համար մինչև 2020թ. պիկը մենք, ուսումնասիրելով և հետևելով միջազգային շուկայի կոնյունկտուրային, կգտնենք այն հարմար պահը, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի հարմար պայմաններով պարտքը վերաթողարկել, այնպես, ինչպես դա կատարեցինք 2015 թվականին»,- հայտարարեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս