Բաժիններ՝

Ինչի՞ շուրջ են վիճել Թրամփն ու Քլինթոնը վերջին՝ եզրափակիչ հեռուստաբանավեճի ժամանակ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։

Հանրապետական թեկնածուն, որը վերջին մի քանի օրում կրկնում էր, թե ԱՄՆ-ում քվեարկությունը կեղծվում է, հրաժարվել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք կընդունի նախագահական ընտրությունների արդյունքները պարտության դեպքում։
ԱՄՆ նախագահի թեկնածուները հեռուստաբանավեճն սկսել են Նևադայի համալսարանում՝ հրաժարվելով ձեռքսեղմումից։ Որպես մոդերատոր է հանդես եկել Fox News հեռուոտաալիքի լրագրող Քրիս Ուոլլեսը։

Հեռուստաբանավեճն սկսվել է Գերագույն դատարանի մասին հարցով և այն մասին, թե ինչպես պետք է ԱՄՆ Սահմանադրությունը մեկնաբանվի։

Քլինթոնը խոստացել է պաշտպանել կանանց և սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները։ Թրամփը խոստացել է պաշտպանել Սահմանադրության երկրորդ դրույթը, որը վերաբերում է զենքի կրելուն։

Երկրորդ թեման, որի վերաբերյալ արմատապես տարբեր կարծիքներ են հնչել, եղել է աբորտների իրավունքը։

Հիլարի Քլինթոնը պաշտպանել է կանանց աբորտների իրավունքը։ Թրամփը խոստացել է, որ չեղյալ կհայտարարի աբորտների օրինականացման մասին որոշումը։
Տարբեր էին նաև թեկնածուների կարծիքները անօրինական միգրացիայի մասին։ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ ԱՄՆ հարավային սահմանի երկայնքով կկառուցեր պատ՝ կասեցնելու անօրինական ներգաղթյալների հոսքը։

Բանավեճում անդրադարձ է կատարվել նաև Պուտինին։
Թրամփի դիտարկմանը, թե Պուտինը «չի հարգում» Քլինթոնին, վերջինս պատասխանել է, թե ՌԴ նախագահը պարզապես կցանկանար, որ ԱՄՆ նախագահի աթոռին հայտնվեր խամաճիկ՝ ակնարկելով Թրամփին։

«Այդ դու ես խամաճիկը։ Նրան դուր չի գալիս Պուտինը, քանի որ Պուտինը խորամանկեց նրան Սիրիայում և ամենուր»,- հայտարարել է Թրամփը։
Մրցակիցները քննարկել են նաև Սիրիայի պատերազմը, Հալեպի ու Մոսուլի վիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս