Բաժիններ՝

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվում են միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվում նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա,  հոկտեմբերի 19-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալներից  2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երրորդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։

Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերեսումներ։ Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով  նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, 6 անձի նկատմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս