Բելգիան Ռուսաստանից բացատրություններ է պահանջում
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
«Նախարարն ասել է, որ ռուս դեսպանին կհրավիրի բացատրություններ տալու»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ զրուցելով լրագրողների հետ, Ռեյնդերսը հիշեցրել է պաշտպանության նախարարության դիրքորոշման մասին, որի համաձայն՝ Բելգիայի ռազմական ինքնաթիռները չեն եղել տվյալ շրջանում այդ ժամանակ։
Այսօր Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում։
«Ռմբակոծության հետևանքով քանդվել է 2 բնակելի տուն, սպանվել է 6 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ևս 4 մարդ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ռուս զինվորականները պնդում են, որ հարվածի պահին նկատվել է Բելգիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչ։
Ընդ որում՝ նշվում է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին կամ Սիրիայի ավիացիային պատկանող ինքնաթիռներ շրջանում չեն եղել։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Բելգիայի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածը համարելու է «Ան-Նուսրան» պահպանելու ցանկություն, եթե այդ գործողությունները չդատապարտվեն։