Մինչև 2022թ. ԵՏՄ-ի ֆինանսական համակարգերի ինտեգրացումը իրատեսական Է թվում. ԵԶԲ ղեկավար
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական ժամկետ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար:
Այս մասին նա հայտարարել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Ըստ իս՝ 2022 թվականը միանգամայն իրատեսական ժամկետ է, եթե կարգավորողները կարողանան պայմանավորվել։ Կարծում եմ, որ ներկայումս շատ կարևոր է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը։ Այնուհետև օրակարգում կլինի դեղագործական ապրանքների միասնական շուկան, այնուհետև՝ էներգետիկ շուկան։ Այդպես՝ քայլ առ քայլ»,- նշել է Պանկինը։
ԵԶԲ-ի ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման, դրամավարկային քաղաքականության կարգավորման նորմերի մերձեցման վրա։
Այնուհետ նա թվարկել է այն 12 թեկնածու անդամներին, որոնք կարող են համալրել 2017թ. վերջին ֆինանսական կազմակերպության անդամ մասնակիցների շարքը։
Նրա խոսքով՝ այդ երկրների թվում են Ադրբեջանը, Վիետնամը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Մոնղոլիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Ճապոնիան։
Պանկինը նշել է, որ նոր բաժնետերերի ներգրավումը թույլ կտա ավելացնել բանկի կապիտալը։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին։
Բանկի կանոնադրական կապիտալը 7 մլրդ դոլար է։ Անդամ մասնակիցներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։