«Հիմա արդեն միտում ենք տեսնում ձեռք բերված համաձայնությունը տապալելու». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թեև ԲՀԿ-ն շատ է կարևորում ձեռք բերված համաձայնությունը, բայց հիմա արդեն միտում են տեսնում ձեռք բերված համաձայնությունը տապալելու համար. «Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ ավելացնել՝ «դիտավորությամբ» կամ «միտումնավոր կերպով»։ Մեր քննարկումները կարծես թե հաջողության  չհասան։ Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու կարևոր պահանջից, չեղարկվելու է նաև տեսանկարահանման սարքերի տեղադրելը, ինչպես նաև ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելը։ ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու։ Տեսնում ենք միտում՝ տապալելու ձեռք բերված համաձայնությունը։ Մեզ խորհրդարանական մեծամասնության կողմից խոստացվել է, որ քննարկումները կշարունակվեն։ Եթե չգանք համաձայնության, երկրորդ ընթերցման քվեարկությանը մենք չենք մասնակցի»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ գնահատականները ընդդիմադիրների կողմից խիստ են. «Որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից, կան մասնագիտական տարբեր մոտեցումներ, մենք նոր հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով և քննարկեցինք, և հիմնական մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետև երկար աշխատանք է կատարվել, պարզապես մեկ հարցի շուրջ կան տարբեր մասնագիտական մոտեցումներ։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել են հուշագիրը, կողմ քվեարկել և շարունակել քննարկումները»։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ իրենք ոչ թե դեմ են նախկինում ձեռք բերված համաձայնությանը և այդ տեքստին, այլ դրա արտացոլմանը. «Տվյալ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում նաև անզգույշ կերպով հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար միջոցներ չի ունեցել ստուգելու։ Այսինքն՝ մենք սուտ մատնության կամ սուտ ցուցմունք տալու նորմը կիրառում ենք ավելի պարզեցված և անզգույշ մեղքի պայմաններում, ինչն անընդունելի է քրեական իրավունքում և պրակտիկայում։ Եթե այս խնդրում համաձայնության կգանք, բոլորին կոչ կանեմ կողմ քվեարկել»։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ կոչ արեց համաձայնագիր ստորագրած քաղաքական ուժերին՝ դեմ քվեարկել նախագծին, և այդ դրույթը փոխելու դեպքում միայն կողմ քվեարկել. «Սա շատ լուրջ խնդիր է»։

Տեսանյութեր

Լրահոս