Բարաք Օբամայի խորթ եղբայրը նախագահական բանավեճում աջակցելու է Թրամփին
Բարաք Օբամայի խորթ եղբայրը հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասի Նեւադայի համալսարանում կայանալիք նախագահական բանավեճին գալու է աջակցելու հանրապետական Դոնալդ Թրամփին, որը հավակնում է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին: Այս մասին Մալիք Օբաման հայտարարել է հոկտեմբերի 18-ին «Նյու Յորք փոստ» թերթում հրապարակված հարցազրույցում:
ԱՄՆ-ի վարչակազմի գործող ղեկավարն ավելի վաղ քանիցս ընդգծել է, որ պաշտպանում է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Մինչդեռ նրա խորթ եղբայրը, որը ծնվել է Քենիայում, բայց երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, Լաս Վեգասում քաղաքական գործիչների 90-րոպեանոց բանավեճում լինելու է Թրամփի հյուրը:
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
Թրամփն իր հերթին նշել Է, որ «անհամբերությամբ է սպասում Մալիքի հետ հանդիպմանը»: «Նա իրադրությունն իր եղբորից շատ ավելի լավ Է հասկանում»,- ընդգծել է միլիարդատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP-ի