«Վստահ եմ, որ այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար». Լևոն Զուրաբյան
«Հայաստանում մինչ այսօր դեռ հնարավոր չէր իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց, որ նախկինում, անգամ եթե ընդդիմությանը հաջողվում էր քաղաքականացնել խնդիրը և մոբիլիզացնել ժողովրդական զանգվածներին, անգամ եթե ընդդիմությանը հաջողվում էր հասնել մի վիճակի, երբ չեն գործում ընտրակաշառքը և վարչական ճնշումները, իշխանությունն ուներ ընտրությունների կեղծման կես միլիոն ձայները։
«Դա այն ընտրակեղծարարությունն է, որ կապված է ուրիշի փոխարեն ապօրինի քվեարկության հետ։ Առաջարկված փոփոխությունների մեխը հենց սա է, այուհետև ընտրողների ստրորագրված ցուցակներն ընտրություններից հետո կսկանավորվեն և կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում, ինչը թույլ կտա աշխարհի ամեն վայրում գտնվող ցանկացած մարդու, դիտորդի, փորձագետի, քննիչի՝ ներբեռնել այդ ցուցակները և համեմատել այնտեղի ստորագրություններն իրականության հետ։ Իհարկե, մենք նախատեսել ենք նման ստուգման արդյունքում ընտրությունները բողոքարկելու և անվավեր ճանաչելու ընթացակարգեր, բայց կարծում եմ՝ ավելի ազդեցիկ է լինելու ցուցակների հրապարակման կանխարգելիչ էֆեկտը»,- նշեց ՀԱԿ ղեկավարը։
Լ. Զուրաբյանի խոսքով՝ եթե տեղի ունենա զանգվածային կեղծում, վաղ թե ուշ դրանք պարզ են դառնալու, և պարզ կդառնա, որ ոչ միայն իշխանությունը յուրացված է, այլև ՀՀ քաղաքացիների և միջազգային կառույցների ձեռքում կան այդ յուրացման անհերքելի, փաստացի ապացույցներ։
Նա նշեց, որ շատերն իրենց հարցնւմ են՝ մի՞թե իրենք այդքան միամիտ են, որ կարծում են՝ իշխանությունները պատրաստվում են ընտրական ընթացակարգով հանձնել իշխանությունը. «Ոչ, հարգելիներս, իշխանությունները շատ լավ գիտեն՝ ինչ խաղի մեջ են մտնում, իշխանությունների ամբողջ հույսը կապված է այն բանի հետ, որ նրանք կարողանան իշխանության պահպանման խնդիրն ապահովել տարածքային, վարկանիշային ցուցակների օգնությամբ, որի կիրառումը Հայաստանի պայմաններում էապես մեծացնում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի դերակատարումը։ Այսինքն՝ իշխանությունն ասում է իր ընտրակեղծարար համակարգին, որ այսուհետև մենք չենք կարող ընտրությունների օրը գերեզմաններից և արտերկրից ընտրողների տեղափոխման հրաշքը գործել և պետք է այսուհետև հույս դնենք Հայաստանում ֆիզիկապես գտնվող և տեղամաս այցելած ընտրողի վրա։ Շվարած ընտրակեղծարարների դուխը բարձրացնելու նպատակով Հայաստանի իշխանությունները վերանշանակեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկաբեկված կազմը և Գյումրիում և Վանաձորում իրականացրեցին ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի զինավարժություններ»։
Այդուհանդերձ, Լ. Զուրաբյանը վստահ է, որ այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։