«Ուրալի տարածքից արկտիկական ճակատի ներթափանցումը մեր երկրի տարածք սկսվել է». Գագիկ Սուրենյան. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ուրալի տարածքից արկտիկական ճակատի ներթափանցումը մեր երկրի տարածք սկսվել է. Հայաստանի մի շարք բնակավայրերում երեկ ձյուն էր տեղում: Խոսքը, մասնավորապես, Դիլիջանի բարձրադիր հատվածների, Լոռու եւ Սյունիքի մարզերի մասին է: Տեղեկությունները մեզ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Լոռու մարզում անձրեւն արդեն վերածվում ձյան, Սյունիքում ձյունախառն անձրեւ է, ջերմաստիճանը մոտենում է զրոյի: Գիշերը բոլոր լեռնային մարզերում ձյուն կտեղա: Ձյուն է սպասվում նաեւ Արցախում: Ձյան տեղումները կշարունակվեն վաղը եւ հոկտեմբերի 19-ին:
Հատկապես, վաղը շատ ցուրտ է լինելու: Ջերմաստիճանը երեկվա համեմատ մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Օրինակ, Լոռիում հիմա ընդամենը +1+2 աստիճան է, Գորիսում +3, Քաջարանում +2 աստիճան: Ջերմաստիճանը շարունակում է իջնել»,- ընդգծեց օդերեւութաբանը:
Գագիկ Սուրենյանից տեղեկացանք նաեւ, որ, հատկապես, այսօր ճանապարհներին կլինի մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց:
Մեր հարցին, թե արդյո՞ք ձյուն է սպասվում նաեւ Երեւանում՝ Սուրենյանը պատասխանեց. «Այս պահին Երեւանում եւս զգացվում է սառն օդի ներթափանցում, հատկապես՝ այսօր շատ ցուրտ կլինի, բայց ձյուն չի կանխատեսվել: Երեւանում տեղումները կլինեն անձրեւի տեսքով, իսկ ջերմաստիճանը ցերեկը հազիվ +10+11 աստիճան կլինի»:
Ուրալից ներթափանցած արկտիկական ցիկլոնի ազդեցությունը կթուլանա հոկտեմբերի 20-ից: «20-ից հետո ցիկլոնը կհեռանա մեր տարածքից, ջերմաստիճանը նորից կբարձրանա, բայց այնքան չէ, որքան սեպտեմբերին էր»,- հավելեց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: