«Իշխանությունը մի միլիմետր անգամ չի ցանկանում գնալ զիջումների». Նաիրա Զոհրաբյան

«Հասկանալի է, որ ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու իր ձեռք բերած պայմանավորվածությանը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ մենք չենք կարող ասել, որ ընտրացուցակների հրապարակումով այլևս  ապրիլի 2-ի ընտրությունները լինելու են նորանկախ Հայաստանի ամենաազատ, արդար, թափանցիկ ընտրությունները. «Շատ էր խոսվում, որ՝ «այ, եկեք այս Սահմանադրությունը փոխենք, ու կտեսնեք՝ երբ այդ նոր Սահմանադրությամբ առաջին ՏԻՄ ընտրությունները տեղի ունենան, ինչպես է աշխատելու այդ նոր Սահմանադրությունը, ինչպիսի իրական հակակշիռներ է բերելու, ինչպես է իրապես  բարձրանալու քաղաքական ուժերի դերը։ Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում և հատկապես՝ Վանաձորում։ Իհարկե, ԲՀԿ-ն ունի բոլոր ապացույցները, որ մեր ավագանու անդամները պահել են պայմանավորվածությունը, և վստահ եմ՝ «Լուսավոր Հայաստանը» դա չի հերքի, այստեղ կարևոր չէ, թե որ կուսակցությունից է մարդ  գողացել, հարցի արժեքն այլ է, հարցի արժեքը երևույթն է, որ մի տեղ անգամ իշխանությունը մի միլիմետր անգամ չի ցանկանում գնալ զիջումների»։

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ի վերջո, բոլոր կուսակցություններում էլ կարելի է գտնել մարդ կամ մարդիկ, որոնց կարելի է «վախեցնել, ահաբեկել, կաշառել, կոմպրոմատների փաթեթ դնել դեմը». «Խնդիրը դա չէ, ինձ համար այս պահին հարցի արժեքն այն է, որ իշխանությունը, միևնույն է՝ պատրաստ չէ մի թիզ անգամ որևէ բան զիջելու։  Իշխանությունը կարող էր Վանաձորում ցույց տալ, թե ինչպես աշխատեց Սահմանադրությունը։ Այնպես որ, շատ մեծ հույսեր կապել, որ քվեարկված ընտրացուցակների հրապարակումը կամ տեսանկարահանող սարքերի տեղադրումը  լինելու է դարման մեր ընտրական խայտառակ արատավոր երևույթներին, իհարկե, դա այդպես չէ, բայց նաև մենք հասկանում ենք, որ, եթե կա  մի փոքր քայլ առաջ, պետք է գոնե կառչել դրանից ու պաշտպանել։ Հատկապես վերջին ՏԻՄ ընտրություններից հետո խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ, արդար անցկացումը վերածվում է մշուշոտ միֆի և լեգենդի»։

Տեսանյութեր

Լրահոս