«Հույսերը շատ շուտ փուչ են դառնալու». Լևոն Զուրաբյան
«Մենք ունենք մի երկիր, որտեղ պետական պարտքը հասել է 6 մլրդ դոլարի՝ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի պայմաններում, և զարգացման որևէ միտումներ չկան, ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը գնալով անկում է ապրում և չի ավելանում, այսինքն` չկա որևէ նախադրյալ, որ այդ դինամիկան կշրջեր: Սա ֆինանսական դասական բուրգի օրինակ է, երբ կուտակվում է պարտքը, բայց դա չի կարող անվերջ ընթանալ, մի օր պետք է պայթի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով դեֆոլտի վտանգի մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգի վերաբերյալ:
Ըստ նրա` մասնագետների շատ մանրամասն վերլուծությունների կարիք կա: Անդրադանալով խնդրին, որ նոր կառավարությունը հույսեր է արթնացրել մարդկանց մոտ, Լ.Զուրաբյանը նշեց, որ, երբ սկսում են հույսեր առաջացնել` չփոխելով այս արատավոր տնտեսական, քաղաքական համակարգի հիմքերը, նման հույսերը վտանգավոր են:
«Ակնհայտ է, առանց համակարգի փոփոխության՝ դրական զարգացում չի լինի, իսկ եղած հույսերը շատ շուտ փուչ են դառնալու»,- նկատեց Լ.Զուրաբյանը: