Անպատասխան Հայաստան

Ի՞նչ է պետք Հայաստանին նորմալ պետություն դառնալու, այնպիսի երկիր դառնալու համար, որտեղ ապրելը չի լինի հոգնատանջ ու կլինի հաճելի ու երջանկաբեր։
Արդար ընտրություններ, լեգիտիմ իշխանություն, օրենքի գերակայություն՝ կասեն ընդդիմադիրները։ Կառուցողական ընդդիմություն, լավատես քաղաքացիներ և փող, ավելի շատ փող, ներդրումներ ու փողի հետ կապված լիքը այլևայլություններ՝ կասեն իշխանությունները։ Ի՞նչ կպատասխանեն այդ հարցին մտավորականները, դժվար է ասել։

Ոչ թե հարցի բարդության, այլ մտավորականների բացակայության պատճառով։ Ոչ թե գրքերում գրված ու իշխանական դրամաբաժան ցուցակներում նշված՝ մտավորականների սահմանմամբ մտավորականների, այլ իրական, միտքը, մտքի աշխատանքն ու ստեղծագործ կերպն ամեն ինչից, լեգիտիմ ընտրություններից ու օտարերկրյա ուղղակի ու անգամ անուղղակի ներդրումներից գերադասող մարդկանց բացակայության պատճառով։

Ի՞նչ կպատասխանեն քաղաքացիները, քաղաքական բոլոր ուղղվածությունների հանդեպ անտարբեր, նժդեհականությունը լիբերալիզմից տարբերել կարողացող, բայց անտարբերության ու անօգուտության պատճառով չտարբերող, նույն կերպ ԵՏՄ-ն ԵՄ-ին չգերադադասող, բայց խոպանչի ազգականի պատճառով հանդուրժող մարդիկ՝ հայտնի է՝ աշխատատեղերի, էլի աշխատատեղերի ու բարձր վճարով զբամունքի այլ տեղերի ստեղծում…

Բոլոր այդ պատասխաններն իրավացի են, ճշմարտապարունակ են ու ազնիվ։ Բայց այդ բոլոր պատասխաններից ո՛չ առաջ, ո՛չ էլ անգամ հետո ու նույնիսկ մեջտեղում չի հնչում պատասխան, որը կարտացոլի, թե իրականում ինչպիսի պետություն ենք ուզում մենք ունենալ անհատապես ու որպես հանրություն՝ ընդհանրականորեն։ Որովհետև մեր ունեցած տեսլական կոչվածը սահմանափակվում է ներդրումների շատությամբ ու աշխատավարձի բարձրությամբ։ Կուշտ կյանքով, մի խոսքով։ Իսկ կուշտ կարելի է լինել նաև պետություն չունենալով, ինչը մենք պատմականորեն ապացուցել ենք կատարելության հասնող հետևողականությամբ։

Եվ ընդհանրապես, վերը նշված հարցերին պատասխանելուց առաջ շատ ավելի կարևոր է պատասխանել հարցի, որը չի հնչում, որովհետև կոռեկտ չէ, անգամ՝ գուցե քրեորեն հետապնդելի։ Իսկ մենք ցանկանո՞ւմ ենք ունենալ պետություն ընդհանրապես։ Խոսքը ոչ թե քարշ եկող, այլ մնացյալների հետ իսկապես արժանապատիվ գոյակցող, անգամ դժվարությունների դեպքում չկռացող միավորման մասին է։

Ահա ուրեմն, մենք ցանկանո՞ւմ ենք ունենալ այդպիսի պետություն, ուր, ասենք, Վլադիմիր Պուտինի այցը չի համարվի համարյա անիրականանալի երազանքի իրականացում, իսկ, օրինակ, Բարաք Օբամայի այցի մասին մտածումն անգամ չի համարվի անիրականանալի։

Ցանկանո՞ւմ ենք ունենալ պետություն, որը ներկայացնողներն իրենց հավասարապես ուղիղ մեջքով կպահեն ինչպես՝ Պուտինի անկեղծ անկրթության ու ուղղախոսության, այնպես էլ՝ Օլանդի ու Օբամայի բարեկիրթ անուղղախոսության պարագաներին։

Ցանկանո՞ւմ ենք արդյոք ունենալ պետություն, որն իրեն չի գցի ԵՏՄ՝ չբամփվելու համար, ու որին այդտեղ գցողներն արևմտյան դեսպանատների ֆուրշետներում կուչ եկած չեն նվնվա Պուտինից պատժվելու վախերից ու նվնվոցը չեն ներկայացնի՝ որպես հոգով արևմտամետություն։ Եվ արդյո՞ք ուզում ենք ունենալ պետություն, որը ռուսական ստրկությունը չի փոխարինի ամերիկյան ստրկությամբ, ու ռուսական ֆորպոստը չի դարձնի ամերիկյան խամաճիկ։

Պատասխանե՛ք այս հարցերին, հարգելի իշխանականներ ու ընդդիմադիրներ, որ հինգ ամիս հետո ձայն եք հայցելու ընտրողներից՝ ավելի լավ երկիր շինելու խոստումներով։ Պատասխանե՛ք՝ ըստ էության ու ըստ ամենայնի, ոչ թե՝ ըստ  քաղաքական կոնյունկտուրայի։ Չե՛ք պատասխանելու։ Որովհետև պատասխաններ չունեք։ Որովհետև պատասխանելու համար պետք է ուղեղին ազատ ժամանակ հատկացնել՝ սեփական ինչքն ավելացնելուն ուղղված մտածում-հաշվարկներից բացի, այլ, անսեփական չինչքի մասին մտածելու համար։

Չեք պատասխանելու, ու մենք շարունակելու ենք ունենալ անպատասխան հարցեր, ու այդպիսի հարցեր ունենալով՝ շարունակելու ենք ապրել անպատասխան Հայաստանում, որը համարյա հավասար է չունեցած հայրենիքի, որտեղ ապրում են մարմնով, ու որից այդքան հեռու են հոգով ու երազներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս