«Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել». Արսեն Հարությունյան

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW)  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին:

Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրեց Հայաստանում  Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները:

Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի  ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին  իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների  խորհրդատուների  ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական  մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:

KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաև Շիրակի մարզում նախատեսված  բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը  կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3
տարի:

Արսեն Հարությունյանը կարևորեց KfW բանկի գործունեությունը Հայաստանում և
պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել:

«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է
մոտենում մրցույթային գործընթացներին:

Իմ կարծիքով, գնումների  մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և  ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և  հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա  ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի  առավելագույն թափանցիկությունը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է  «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի  նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս